«Առավոտ»-ի զրուցակիցն է պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
-Պարոն Այվազյան, Ալիեւի վերջին շրջանի ելույթները ի՞նչ են փաստում։ Դրանք խաղաղության մասի՞ն են, ինչպես Հայաստանի իշխանություններ են ասում՝ «խաղաղությունն արդեն հաստատված է»։
-Սա փաստում է այն, ինչն ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության չի պատրաստվում, Ադրբեջանի գերնպատակն է ոչնչացնել հայկական պետականությունը։ Հայաստանի հետ շարունակական հակամարտությունը, հայերին աշխարհի բոլոր մեղքերում մեղադրելը ադրբեջանական գործող ռեժիմի հարատևության գրավականն է, որովհետև այդ երկրի ներսում բավականաչափ մեծ է դժգոհությունը՝ կապված ադրբեջանական իշխանությունների գործողությունների հետ: Մարդիկ տեսնում են, որ Արցախյան հարցում կարգավիճակի փոփոխությունը իրենց կյանքում դեպի լավը ոչ մի բան չի փոխում: Եվ այդ դժգոհությունն աճում է:
Այն, որ նացիստական ռեժիմն Ադրբեջանում չի պատրաստվում խաղաղության, փաստ է։ Քանի դեռ գոյություն ունի Հայաստանը, Ադրբեջանում և Թուրքիայում, անշուշտ, հանգիստ քնել չեն կարողանալու, որովհետև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը մեր պատմական տարածքների 7%-ն է զբաղեցնում։ Բայց անգամ այդ 7%-ի վրա գտնվող հայկական պետականությունը հողագողերի, ցեղասպանների համար մշտնջենական վտանգ է ներկայացնում, որ երբևիցե կարող է պահանջատիրության հարց առաջ գալ, փորձ լինել՝ վերականգնելու արդարությունը։
Հայկական կողմն իրավունք ունի և պարտավոր է ներկայացնել Ադրբեջանից բռնագաղթվածների շահերը: Ներկայիս Ադրբեջանն է հյուսիս-արևելյան Հայաստան համարվում, ներկայիս Ադրբեջանը մեծամասամբ կառուցված է հայկական հողերի վրա՝ Արցախ, Ուտիք, Նախիջևան, Փայտակարան, Աղվանք, որի մեծ մասը պատմության ողջ ընթացքում գտնվում էր հայկական ազդեցության տակ: Ադրբեջան հորջորջվող պանթուրքիստական նորագոյակցությունը տարածաշրջանում վտանգավոր է՝ ցանկացած լիդերով։ Եթե փոխվի Ալիևը, գա ուրիշը, հայկական հարցում նրանք նույն քաղաքականությունն են վարում, և մեկը մյուսից ավելի բիրտ և վատ: Ալիևը համաշխարհային հանրության առաջ ելույթներ ունենալով՝ պնդում է, որ չի պատրաստվում ոչ մի խաղաղության։ Նա մեղադրում է հայկական կողմին այն մեղքերի մեջ, որոնք իրեն են վերաբերում՝ այդ նացիզմը, ցեղասպանությունը, ուրիշի հողերի վրա նստելը, մարդասպանությունների խրախուսումը։ Ասում են՝ տեսեք-տեսեք, իրենք «Նյուրնբերգյան դատավարություն» են կազմակերպել մեր գերիների նկատմամբ, մեղադրում են հայկական պետականությանը՝ և նախկին իշխանություններին, և ներկա։ Եվ պնդում են, որ իրենց համար հայկական տարածքային ամբողջականությունը գոյություն չունի, իրենք առաջնորդվում են իրենց Սահմանադրությամբ, որում հղում է արվում իրենց այսպես կոչված առաջին հանրապետությանը, որի կազմի մեջ, ըստ իրենց, մտնում է ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը:
Այնպես որ, տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, Ալիևն այդ մասին հետևողական հայտարարում է։ Իմաստ չկա ինքնախաբեությամբ զբաղվել՝ փորձելով հավատալ, որ եթե մենք չհիշատակենք ադրբեջանահայության խնդիրների և իրավունքների մասին, արցախահայության՝ իրենց պատմական հայրենիք ազատ վերադառնալու իրավունքի մասին, ապա կխաղաղեցնենք Ալիևին, կամ էլ Ադրբեջանին։ Դա իրականությունից բավականաչափ հեռու է։
Իսկ մեր անելիքը հետևյալն է՝ բոլոր ճակատներում պատերազմն անխուսափելի է, և պետք չէ ստերով կերակրել սեփական հասարակությունը։ Բոլորս էլ հասկանում ենք, այդ գիտակցությունը կա, որ Ադրբեջանից եկող վտանգը չի մարել: Այդ գիտակցությունը կա նաեւ որոշում կայացնողների մոտ, մնում է միայն հուսալ, որ առերես հայտարարելով խաղաղասիրության մասին՝ նրանք դա որպես դիվանագիտական քայլ են կիրառում առաջին հերթին և իրականության մեջ լրջագույն նախապատրաստվում են Ադրբեջանի կողմից նոր հնարավոր պատերազմի սպառնալիքներին: Ալիևյան հայտարարությունները խոսում են միմիայն այն մասին, որ Ադրբեջանի մոտ չկա խաղաղության օրակարգ, և ցանկացած իսկ փոխզիջում հանգեցնում է նրանց կողմից նոր հնարավոր պահանջների առաջ քաշմանը, որովհետև իրենց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ թողնել այս իրավիճակը, մինչև իրենք կկարողանան ավարտին հասցնել իրենց ծրագիրը: Այն է՝ Հայաստանը բերել Արցախի իրավիճակին, որ Ադրբեջանի ներսում լինի որպես անկլավ, իսկ հետո ոչնչացնել: Նրանք ասում են՝ Հայաստանի տարածքը 10 000 քկմ-ից ոչ ավելի պետք է լինի։
Պետք է զարգացնել մեր ռազմական ներուժը, ձեռք բերել նոր դաշնակիցներ։ Գիտենք, որ Ադրբեջանը բոլորի հետ խնդիրներ ունի, այնպես որ ճիշտ դիվանագիտական քաղաքականության դեպքում այս հարցում դժվարություն չենք ունենա: Ճիշտ ու գրագետ աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք Ադրբեջանից եկող վտանգները փորձել չեզոքացնել: Իսկ վտանգը մշտապես առկա է, և մենք երբեք չպետք է կորցնենք մեր զգոնությունը: Ադրբեջանը մեզ հանգիստ չի թողնելու, մինչև չոչնչացնի, կոպիտ ասած, պետք է առերեսվենք դաժան ճշմարտության հետ՝ կամ մենք, կամ նրանք, ուրիշ տարբերակ չկա:
-Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով կարծես պաշտպանում են Սյունիքի մարզ ներխուժած ու Շաքիում հայ ընտանիքի վրա հարձակված ադրբեջանցուն։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ասում է, թե ադրբեջանցին մոլորվել էր, սոված էր, ոչ թե ներխուժել է Շաքի, այլ մտել էր հայի տուն, որպեսզի հաց ուտեր։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ եթե շաքեցի կինը սպասեր ոստիկանների ժամանմանը, մեծ հավանականությամբ միջադեպ տեղի չէր ունենա։ Սա ինչպե՞ս ես գնահատում։
-Ադրբեջանական ԶԼՄ-ներում, սոցցանցերում առկա եւ պետական մարմինների կողմից հրապարակված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ կամ Ալիևի կողմից հորջորջվող իրենց բանակում այնքան էլ լավ իրավիճակ չէ, որ թույլ են տալիս բանակից փախչել, կամ էլ ստում են հանգամանքների վերաբերյալ: Շատ հնարավոր է, որ դա ուղղակի ադրբեջանական սադրանքներից մեկն է, որովհետև տեսնում եք, որ այդ սադրանքը հետևեց Գանձասարում հաջիևյան ծաղրածուական շոուին։ Դա մեր հասարակության կայունության եւ նյարդերի հետ խաղալու մի փորձ կարող է լինել: Բոլորովին ու բնավ ինքը չի մոլորվել: Այդ թուրք ասկյարը, եթե մոլորված լիներ, մի՞թե չէր նկատի, որ հայտնվել է ուրիշ երկրի տարածքում: Եվ տեսեք՝ որտեղ է ինքը հայտնվել, ինքը հայտնվել է սահմանից բավականաչափ խորը հատվածում, այսինքն՝ այդ ընթացքում բավականաչափ ժամանակ ուներ, որ կողմնորոշվեր, որ ուրիշ երկրում է գտնվում: Բացի դրանից, իր գործողություններն ագրեսիվ էին, իրենց մեջ պարունակում էին մարդու կյանքին վնաս պատճառելու, մարդասպանության փորձի, անչափահասների հանդեպ ահաբեկչական գործողության տարրեր։ Այնպես որ, ինքը առնվազն ցմահ պիտի դատապարտվի Հայաստանի Հանրապետությունում, մինչև չփոխվի Սահմանադրությունը և մահապատիժը չվերականգնվի:
Այնքան «հոգնած» էր, որ չէր նկատե՞լ, որ ուրիշ երկրի տարածքում է գտնվում, ո՞ւր է տրամաբանությունը: Հիշենք, թե ինչպես էր ադրբեջանական կողմը գերի վերցնում մեր հովիվներին եւ ուղղակի խոշտանգելով սպանում նրանց Ադրբեջանում, վերադարձնում դիերը։ Կամ էլ վերադարձից հետո են մարդիկ մահացել։ Երբ պատերազմի ընթացքում մեր զինվորները գերի էին ընկնում, ուղղակի գնդակահարվում էին, ողջ վիճակում մարդկանց խոշտանգում էին։ Այդ կադրերը տարածվում էին համացանցում, Ադրբեջանում դրանից հրճվում էին և այդ մարդասպաններին հերոս էին սարքում: Այդպես որ, այս դեպքը կարելի է համարել որպես իրական սադրանք, հայկական հասարակության կայունության վրա ազդելու փորձ և նաեւ հայ հասարակության համբերության բաժակը լցնելու փորձ։ Դա ուղղակի պատահականություն չէ, դա ադրբեջանական քաղաքականության հստակ արտացոլումն է հողի վրա:
Եվ ի ապացույց դրա մենք լսեինք Իլհամ Ալիեւի վերջին ելույթը՝ ուղղակի տարածքային պահանջներ են ներկայացնում հայկական Սյունիքի և մյուս տարածքների նկատմամբ։ Մենք պետք է փորձենք կանխարգելել այս ամենը, մեզ համար հակաթույնը միայն ու միայն Ադրբեջանում հայերի ցեղասպանության մասին միշտ հիշեցնելն է, հայկական պահանջատիրություն է, ադրբեջանահայության, արցախահայության օրինական իրավունքների վերականգնմանն ուղղված քայլեր ձեռնարկելը։ Ադրբեջանի կողմից արցախահայության ցեղասպանությունից հետո համակողմանի պետք է սատարել Արցախի վտարանդի կառավարության լիարժեք գործունեությանը: Դրանով մենք կարող ենք կանխարգելել և որոշ չափով մեղմացնել ադրբեջանական քաղաքականությունը, որովհետև Ալիևը և նրան ռեժիմը հստակ մատնանշում են, որ Ադրբեջանի համար պատերազմը չի վերջացել: Սա ժամանակավոր դադար է, և իրենք սպասում են պատեհ միջազգային իրավիճակին, որպեսզի շարունակեն այնտեղից, որտեղ կանգ են առել: Մինչև հիմա իրենք զորքեր են պահում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ի՞նչ սահմանազատման-սահմանագծման կամ «անկլավների» փոխանակման մասին խոսք կարող է լինել, եթե նրանք ՀՀ տարածքից դուրս չեն բերել իրենց զորքերը։ Այսինքն՝ անգամ անվիճելի տարածքներն իրենց համար այնքան էլ անվիճելի չեն, ուր մնաց թե նրանց հետ ընդհանուր լեզու կարողանանք գտնել:
Եթե մենք ուզում ենք, որ խաղաղությունը երկարատև լինի և կայուն, պետք է խաղաղությունը հիմնված լինի հայկական կողմի համար ընդունելի պայմանների վրա՝ արդարացի խաղաղություն պետք է լինի, արժանապատիվ խաղաղություն: Միայն այդպիսի խաղաղությունը կարող է երկարատև տևել: Այդ ուղղությամբ մենք ունենք անելիք, և կարծում եմ մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներած չափով կարող է դրան նպաստել: Մենք այլ տարբերակ չունենք, քան պայքարել մեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Դրանում է նաև հայկական պետականության հարատևման գաղտնիքը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: