ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։
Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝
1️⃣ հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,
2️⃣ ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,
3️⃣ բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։
Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: