«ՀՀ քաղաքացիներից, ակտիվիստներից գաղտնի որոշումներ են կայացվել, և դրանք չպետք է փաթաթվեն ՀՀ քաղաքացիների վզին։ Մենք դրանց գերին երբեք չպետք է դառնանք։ Կոչ եմ անում նախաձեռնել քաղաքացիական, համազգային պայքար անօրինական հանքի բացման հետ կապված։ Որևէ իշխանություն լեգիտիմություն չունի հասարակության վերաբերյալ այսպիսի կարևոր հարցերը գաղտնի քննարկել և որոշումներ կայացնել հասարակությունից գաղտնի»,-անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման որոշմանը «Ամուլսարն առանց հանքի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Իրավաբան Նազելի Վարդանյանը շուրջ 20 տարի զբաղվում է Ամուլսարի հարցով։ Նա իր ելույթում հայտարարեց․ «Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը նշված են եղել տարբեր փաստաթղթերում․ առաջինը 2012-ի Սևանա լճի հանձնաժողովի բացասական եզրակացության մեջ է եղել։ Նշվել է 4 ռիսկ, որոնք ընդհանրապես չեն կարող փոխվել կամ կառավարվել։ Մեկը սեյսմիկ բարձր վտանգավորություն ներկայացնող տարածքն է, երկրորդը՝ երկրորդ մեծության սողանքային տարածքը, երրորդը թթվային դրենաժն է, մյուսը բարձր ռադիոակտիվությունն է»։
Նա հիշեցրեց՝ չորս հայտնի միջազգային ընկերություններ իրենց եզրակացություններում ամրագրել են, որ թթվային դրենաժի ռիսկերը հնարավոր չէ կառավարել․ հրաբխային ծծմբային ապարներ են, ամբողջ աղտոտված ջուրը լցվելու է Սևան և 500 տարի միլիոններ էլ ծախսվեն, այդ ջրերը չեն մաքրվելու։ Այսինքն՝ ՀՀ 80 տոկոս խմելու ջրերը վտանգված են։
Հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: