«Մեզ անհրաժեշտ է ձեր ակտիվ մասնակցությունը՝ գործընթացն առաջ մղելու համար։ Ձեր ձայնը կարևոր է, և մենք ձեր աջակցության կարիքն ունենք»,-Երևանի պետական համալսարանում Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի բացման խոսքում դիմելով երիտասարդներին՝ հայտարարեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։
Նա վստահեցրեց՝ երիտասարդների մոբիլիզացիան չափազանց կարևոր է։ Նաև տեղեկացրեց, որ 2030-ի գործողությունների ծրագրում երիտասարդների դերը առանձնահատուկ է, հատկապես կարևորվել է բոլոր մակարդակներում որոշումների կայացման հարցում երիտասարդների մասնակցության ապահովումը։
Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Կենսաբազմազանության ոլորտում երիտասարդների համաշխարհային ցանցի հետ համատեղ, որին աջակցում են մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպություններ: Գագաթնաժողովին մասնակցում են 16-35 տարեկան շուրջ 400 երիտասարդ առաջնորդներ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ 150 և Հայաստանի բոլոր մարզերից՝ 250 երիտասարդ մասնակիցներ։
Հարյուրավոր երիտասարդ առաջնորդներ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից միավորվել են Երևանում՝ քննարկելու կենսաբազմազանության արդիական մարտահրավերները, ծանոթանալու տարբեր երկրների փորձին, հանդիպելու ոլորտի փորձագետների և իրենց առաջարկները հասցնելու որոշում կայացնողներին:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշեց՝ այս գագաթնաժողովը խորհրդանշական է, քանի որ այն COP17-ի առաջին միջոցառումն է․ «Այսօր հայ երիտասարդությունը և աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդներ մեկ հարկի ներքո են հավաքվել Երևանում հաղորդակցվելու, գաղափարներ փոխանակելու և, ամենակարևորը, ուժեղացնելու իրենց միասնական ձայնը, թե ինչպես կարող են նպաստել Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնական նպատակների իրականացմանը։ Երիտասարդները փոփոխությունների, այն բոլոր խնդիրների կարևոր շարժիչ ուժն են, որոնք քննարկվում են COP17-ի ընթացքում»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, կարևորելով երիտասարդների դերակատարությունը, նշեց․ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդու իրավունքներն են հաճախ վտանգված, միևնույն ժամանակ մեր մոլորակի ամբողջականության պահպանումը և էկոհամակարգերի պաշտպանությունը շարունակում են անտեսվել տագնապալի չափերով։ Մենք՝ երիտասարդներս, գիտակցում ենք այն մոլորակի պաշտպանության կարևորությունը, որի վրա ապրում ենք, և ես շատ ուրախ եմ տեսնել, որ այսքան երիտասարդներ են հավաքվել այստեղ՝ այս կարևոր թեմայի շուրջ»։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ուրախությամբ նշեց, որ ԵՊՀ-ն այս գագաթաժողովի շրջանակներում այս պահին հյուրընկալում է աշխարհի 80 երկրների երիտասարդ ներկայացուցիչների։ Նաև տեղեկացրեց, որ COP17-ի շրջանակում Կանաչ գոտում ԵՊՀ-ի և տարբեր այլ կրթական հաստատությունների նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել 40-ից ավելի միջոցառումներ և հորդորեց երիտասարդներին ակտիվ մասնակցել դրանց։
Աշխարհի տարբեր երկրներից ՀՀ ժամանած երիտասարդների հետ հարցազրույցները՝ հաջորդիվ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: