Հարավային Կալիֆոռնիայում քամու ուժգին պոռթկումներից բորբոքված անտառային հրդեհն առնվազն վեց տուն է ավերել կամ վնասել, հաղորդում է Associated Press-ը։
Իշխանությունները կարգադրել են տարհանել շուրջ 16 հազար բնակչի, իսկ երկու հրշեջներ գերտաքացման հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Norte» անվանումը ստացած հրդեհը բռնկվել է Օրինջ շրջանի առափնյա Սան Կլեմենտե քաղաքում, որից հետո քամին կրակը տարածել է դեպի հարևան Սան Խուան Կապիստրանո։ Ուրբաթ երեկոյան հրդեհի մակերեսը կազմում էր մեկ քառակուսի մղոնից պակաս՝ շուրջ 2,6 քառակուսի կիլոմետր։ Բռնկման պատճառը դեռևս պարզված չէ։
Բնակելի թաղամասերի վրա բարձրացել են սև ծխի թանձր քուլաներ, որոնք տեսանելի են եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Կրակը պատել է թենիսի կորտերի ու լողավազանների հարևանությամբ գտնվող թանկարժեք առանձնատների տանիքները։ Մինչ վտանգավոր գոտին լքելը՝ որոշ բնակիչներ փորձել են ջրել իրենց տները։
«Եթե քամին մի փոքր ավելի ուժեղ լիներ կամ փչեր այլ ուղղությամբ, հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել»,— հայտարարել է Սան Կլեմենտեի քաղաքապետ Ռիկ Լյոֆլերը։
Սան Խուան Կապիստրանոյի քաղաքային խորհրդի անդամ Հովարդ Հարթը պատմել է, որ տարհանումից առաջ կնոջ հետ ջրել է տան տանիքն ու հնարավորինս հեռացրել պրոպանի գազաբալոնները։ Իսկ նրա տիկնոջ՝ Լորայի խոսքով՝ այդ թաղամասում ապրած ավելի քան 50 տարիների ընթացքում իրենք երբևէ ստիպված չեն եղել հրդեհի պատճառով տարհանվել։
Երկու քաղաքներում էլ բացվել են ժամանակավոր կացարաններ։ Բռնկված հրդեհների պատճառով Սան Խուան Կապիստրանոյում փակվել է նաև ինը դպրոց։
Այս հրդեհը միակը չէ. այն բռնկվել է չոր ու տաք «Սանտա Անա» քամիների ֆոնին, որոնք Կալիֆոռնիայի ներքին շրջաններից փչում են դեպի առափնյա գոտի՝ նպաստելով կրակի արագ տարածմանը։ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հրդեհավտանգ իրավիճակը կարող էր պահպանվել մինչև շաբաթ երեկո։
Ուժեղ քամու հետևանքով Կալիֆոռնիայում ավելի քան 118 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Վերջին տարիներին էներգետիկ ընկերությունները չոր և քամոտ եղանակին հաճախ են դիմում էլեկտրամատակարարման կանխարգելիչ անջատումների՝ նոր բռնկումների վտանգը նվազեցնելու համար։
Եվս մեկ հրդեհ՝ Ծովային հետևակի կորպուսի «Քեմփ Փենդլթոն» ռազմաբազայի շրջանում, հանգեցրել է Օրինջ շրջանը Սան Դիեգոյին կապող I-5 միջնահանգային մայրուղու մի հատվածի ժամանակավոր փակմանը։ Դա լուրջ խցանումներ է առաջացրել՝ զգալիորեն դժվարացնելով երթևեկությունը Հարավային Կալիֆոռնիայում։