«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտեւի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր։
«Կարծում եմ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում բոլորն էլ արժանավոր մարդիկ են, այս ընթացքում այս կամ այն կերպ ծառայություն են մատուցել եւ ՀՀ-ին, եւ ակտիվ ներգրավված են եղել կուսակցական աշխատանքներում»,- լրագրողներին ասաց ՔՊ անդամ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ես եւս կուսակցության հիմնադիր անդամ եմ, կուսակցականի կարգավիճակով աշխատել եմ Արմավիրի քաղաքապետ, կարծում եմ՝ վատ չեմ աշխատել՝ որպես քաղաքապետ, հետո աշխատել եմ մարզպետ, հիմա էլ ՏԿԵ նախարար եմ։ Սա եւ աշխատանքի գնահատականը կարելի է համարել, եւ նաեւ նախկինում իմ ստանձնած առաջնորդության պրոցեսի շարունակություն, այսինքն՝ ՔՊ կուսակցության պատվիրակները կուզե՞ն, որ ես էլ լինեմ առաջնորդների այն ցուցակում, ովքեր ԱԺ առաջիկա ընտրություներում կուսակցությանը կառաջնորդեն դեպի հաղթանակի»,- նշեց Խուդաթյանը։
Անդրադառնալով Վաղարշապատում տեղի ունեցած ձերբակալություններին՝ Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Խայտառակ ձայնագրություն էր, իր բովանդակությամբ խայտառակ, որովհետեւ 2025-2026 թվականներին ՀՀ-ում հայհոյանք դնելով քաղաքացուն ընտրության տանել, պարտադրելը դա սրիկայություն է, ապաքաղաքական է, հանցագործություն, եւ դա պետք է արժանանա իրավական ու քաղաքական գնահատականի։ Սա հստակ ուղղորդում է՝ լկտիությամբ եւ հայհոյանքներով համեմված։ Բայց ես նաեւ ուրախ եմ, որ ձայնագրություն պետք չէր վաղարշապատցուն՝ հասկանալու համար, թե որն է ընդդիմության էությունը Վաղարշապատում։ Եվ վաղարշապատցին ընդդիմությանն արժանի պատասխան տվել է։ 2026 թվականի ընտրություններին մենք գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ, որովհետեւ մեր թիկունքում եւ արված աշխատանք կա, եւ ամենօրյա ինտենսիվ շփումներ կան բնակիչների հետ։ Մենք գնում ենք ընտրությունների հաղթելու ճանապարհով, այն ճանապարհով, որը 2021-ին եւ 2018-ին ՀՀ-ում եղավ, իսկ նախորդ տարի Վաղարշապատում եղավ»։
Անդրադառնալով ճանապարհների որակի մասին դժգոհություններին, որ աղ ու ավազ շաղ տալուց հետո մեծ փոսեր են գոյացել ճանապարհներին՝ ՏԿԵ նախարարը նշեց․ «Ճանապարհային դեպարտամենտը, որի պատասխանատուն նաեւ մեր նախարարոթյունն է, եւ քաղաքական պատասխանատուն առաջին հերթին ես եմ, չի կառուցել գեթ մեկ կմ այնպիսի ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո ճանապարհը քանդվի։ Ես վստահ չեմ, որ Երեւանում նոր կառուցված աշխատանք է քանդվել եւ աղի պատճառով»։
Ներքեւում՝ Photolur-ի այսօրվա ֆոտոները՝ Երեւանի ճանապարհներից.
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: