Տաթեւիկ Հայրապետյան. Փաշինյանի իշխանության պահպանման աղբյուրը Բաքվում է. «Հրապարակ»

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այս ամենն անվանում եմ, կներեք տերմինիս համար, պրոադրբեջանական մուտիտ։ Այս հայտարարություններին զուգահեռ, երբեք չենք լսել, որ Բաքվի կողմից գեթ մեկ անգամ խոսեն Արծվաշենը մեզ վերադարձնելու, Ջերմուկի օկուպացված բարձունքներից դուրս գալու եւ այլ հնարավոր քայլերի մասին։ Փոխարենը միշտ լսում ենք ու փորձում մեկնաբանել Փաշինյանի հակասահմանադրական, հակաիրավական, հակատրամաբանական հայտարարությունները, որոնք արվում են հօգուտ Ադրբեջանի։

Սխեման պարզ է՝ Փաշինյանին պետք է պահել իշխանությունը, այդ իշխանության պահպանման երաշխիքը նա գտել է Բաքվում, Բաքվի իշխանություններն էլ փորձում են մաքսիմալ արդյունք քաղել այս ամենից։ Մինչ նման տեքստեր էին արտաբերվում Փաշինյանի կողմից, Ալիեւը Բաքվում հերթական հայատյաց ելույթն էր ունենում, որտեղ նա կիրառել է «մանկասպաններ», «հայկական ֆաշիզմ», «հայ ֆաշիստներ», «բարբարոսներ», «ռազմական հանցագործներ» եւ այլ ապամարդկայնացնող տերմիններ` հայ ժողովրդի մասին։ Ի՞նչ կապ ունեն խաղաղության հետ․․․ Իհարկե՝ ոչ մի։

Միեւնույն ժամանակ, Ալիեւի վերջին մի քանի ելույթներում կան հստակ շանտաժի բաղադրիչ ու սպառնալիք՝ ուղղված հենց Փաշինյանին։ Օրինակ, նա ասել է․ «Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց հանցակիցները, որոնք ռազմական հանցագործներ եւ մանկասպաններ են, դեռեւս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը 2018 թվականից շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը»։ Նման հայտարարություն նաեւ նախորդիվ էր արել։ Սա ակնհայտ շանտաժ է, Փաշինյանն էլ, դրան ի պատասխան, սկսում է մեր դաշտը պրոադրբեջանական մուտիտներով լցնել։ Այստեղ այլ մեկնաբանություն տալ դժվար է: Քչերն են նկատում, բայց այս ընտրություններից հետո Փաշինյանի պրոադրբեջանական օրակարգերը շատ խնդիրներ են ունենում, հանդիպում են հանրային լայն դիմադրության։ Դա վերաբերում է թե՛ Տիգրանաշենին, թե՛ Սահմանադրությանը, թե՛ հակաեկեղեցական օրակարգին։ Փաշինյանի իշխանության պահպանման աղբյուրը Բաքվում է, ուստի նա մշտապես փորձելու է հաճոյանալ Ալիեւին, բայց երբ այդ օրակարգերը սկսեն տապալվել, շատ բան կսկսի փոխվել թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիեւի համար։ Նաեւ նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանում նախագահի մակարդակով կրկին ակտիվացել է հայ ժողովրդին ուղղված ապամարդկայնացման՝ նույն դեհումանիզացիայի լեզուն։ Այս ամենը հակասում է նախաստորագրված պայմանագրի տեքստին, բայց, իհարկե, անարձագանք է մնում Երեւանի կողմից»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment