Յուրահատուկ դիզայնով «երիտասարդական տարածք»՝ Օձունում․ այստեղ կգործի նաև դրոնների կառավարման ակումբ

Լոռու մարզի Ալավերդի համայնքի խոշոր ու հնագույն բնակավայրերից մեկում՝ Օձունում, բացվեց «երիտասարդական տարածք»։

Նորարարական տեխնիկայով, ինտելեկտուալ խաղերով, գրադարանով հագեցած լուսավոր տարածքը, որը Ալավերդու բոլոր բնակավայրերի պատանիների ու երիտասարդների համար է ծառայելու որպես կրթվելու, ստեղծագործելու, շփվելու, ինտելեկտուալ ժամանց անցկացնելու միջավայր, աչքի է ընկնում իր յուրատեսակ, ինքնատիպ դիզայնով։

Տարածքը բարձր առաստաղով է՝ երկհարկանի պատուհաններով, այն գտնվում է Օձունի բնակավայրի ներկայիս վարչական շենքում, նախկինում այդտեղ է գործել մշակույթի տունը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբում քննարկել են երկու հարկ ծավալ ունեցող տարածքում ծածկ տեղադրելու հարցը, մտածել են այն դարձնել չորս պատուհաններով տարածք, սակայն դիզայների են հրավիրել ու վերջնականապես որոշել ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը՝ թողնելով բարձր առաստաղը ու լուսավորությունն ապահովելու համար, այսպես ասած, երկրորդ հարկում ևս պատուհաններ տեղադրել (տես լուսանկարներում)։

«Տարածքը ժամանակին օգտագործել են որպես մշակույթի տուն, և իզուր չէ, որ ասում են՝ նոր շունչ է եկել, ժամանակին սա եղել է երիտասարդների տարածքը, երիտասարդների հավաքատեղին, ապա վարչական շենք, հիմա վերադարձվել է երիտասարդներին՝ դառնալով ոչ ֆորմալ կրթական հարթակ»,- ասում է Արթուր Նաջարյանը։

Օձունի «երիտասարդական տարածքը» հիմնվել է ՀՀ կառավարության, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության, Ալավերդու համայնքապետարանի, Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (վերջինիս կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում) համագործակցությամբ։

Արթուր Նաջարյանն ասաց, որ կարիքի գնահատման ժամանակ առանձնացրել էին երկու համայնքներ, բայց հետո որոշեցին «երիտասարդական տարածքը» հիմնել Օձունում, քանի որ այն խիտ բնակեցված համայնք է, մեծ թվով երիտասարդներ ունի՝ մյուս բնակավայրերի հետ համեմատ։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը նաև ասաց, որ նախատեսել են այս տարածքում տարեկան 350 երիտասարդների ծառայություն մատուցել, բայց քանի որ իրենք նաև շարժական երիտասարդական աշխատանք են մատուցում տարբեր բնակավայրերում, որտեղ կան դպրոցներ, բակեր, ուստիև ընթացքում մի քանի անգամ կավելացնեն երիտասարդական այս կառույց հաճախողների թիվը։

Արթուր Նաջարյանը նաև տեղեկացրեց, որ հինգ հիմնական ուղղություններով են ծառայությունները մատուցելու․ քաղաքացիական կրթություն, նախաձեռնողականություն, առողջ ապրելակերպ, մասնագիտական կողմնորոշում և բովանդակալից ժամանց, բայց հաշվի առնելով ժամանակի հրամայականը՝ Օձունում ուսուցանելու են նաև արհեստական բանականության գործիքներ և թվային տեխնոլոգիաներ։

Այստեղ դրոնների կառավարման ակումբ է գործելու, Էջմիածնում արդեն իսկ փորձարկել են ու կարճ ժամանակահատվածում հաջող արդյունքներ գրանցել։

«Օձունի երիտասարդական տարածքը այն եզակի բնակավայրերից է, որտեղ պիտի լինի համապատասխան ակումբի ներդրում՝ թվային տեխնոլոգիաները ու արհեստական բանականությունը պահելով որպես կարևորագույն գործիք։ Մենք չենք վախենում արհեստական բանականությունից, այն օգտագործել ենք որպես գործիք, հիմա կա նոր եզրույթ՝ «արհեստական բանականությունը երիտասարդական աշխատանքում», փորձում ենք այդ փորձը բերել այստեղ»,- ասաց Արթուր Նաջարյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականին «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության համար համայնքապետարանների ու հասարակական կառույցների հետ համագործակցելով՝ տարբեր համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորումը դարձել է առաջնային։ Երիտասարդական միջավայրի ստեղծումը նպատակ ունի նաև կանխել գյուղական համայնքներից երիտասարդների շարժը դեպի մեծ քաղաքներ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 6 երիտասարդական տարածք ու 21 երիտասարդական կենտրոններ արդեն բացվել են, առաջիկա հինգ տարիների ընթացքում ևս 30 երիտասարդական միջավայր է ստեղծվելու՝ երիտասարդական տարածքներ կամ կենտրոններ են հիմնվելու, այն շարունակական գործընթաց է՝ պետության ուշադրության կենտրոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Aravot.am-ի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment