ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2025 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձել է իրականացված բարեփոխումներին:
Նա նշել է․ «Փետրվարի 15-ից կգործարկվի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը, որը կմիավորի ոստիկանության և փրկարար ծառայության արձագանքն արդեն նախարարության դիրքերից։ Բնականաբար այն տեսլականն ունենք, որ արդեն 2027 թվականից այստեղ կմիավորվեն նաև շտապօգնության կանչերը»։
Ծառայությունների մատուցման համատեքստում նա նշել է, որ քաղաքացին կստանա մեկ զանգ, մեկ ահազանգ սկզբունքով արագ արձագանքում, նաև, ըստ իրավիճակի, պարզ կինի արդյոք բոլոր ծառայությունների համաժամանակյա ներկայության անհրաժեշտություն կա, թե ոչ։
Անդրադառնալով համակարգի մարդկային ռեսուրսների կրթական բաղադրիչին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ ասուլիսի անցկացման վայրը պատահական ընտրություն չէ․ շարունակվում է նախորդ տարվա ավանդույթը՝ նաև այս տարբերակով ներկայացնելով բարեփոխումների ընթացքը։
Նրա խոսքով՝ ձևավորվել է քաղաքացիական կառավարմամբ ՆԳՆ կրթահամալիրը, որը ապահովելու է ոլորտի կադրերի կրթությունը։
«Սա պարզապես հերթական կրթահամալիրի ձևավորում չէ, որովհետև մենք վաղուց հեռու ենք այն մտքից, որ կրթությունը պետք է լինի որպես լավ ավանդույթի շարունակություն։ Այս կրթահամալիրում ամբողջությամբ նոր մեթոդներով են պատրաստվում թե՛ ոստիկանները, թե՛ նաև փրկարար ծառայողներն ու այլ քաղաքացիական անձինք, և մենք հետևողական ենք շարունակելու զարգացնել մեր կարողությունները», -ասել է ՆԳ նախարարը։
Կրթահամալիրի ձևավորման նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է՝ ոչ միայն ոստիկանական ու փրկարարական ոլորտում, այլ նաև արդեն հանրային ծառայության։
Անդրադառնալով Ոստիկանության 4 հենասյունային ուղղություններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ նպատակակետը նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան է, որը հանրային անվտանգության տեսանկյունից նոր երաշխավոր է․ «Առաջին անգամ առաջնորդվում ենք Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Գվարդիայի ծառայողներն այս ստանդարտով անցել են վերապատրաստում և այն լինելու է շարունակական»,-ընդգծել է ՆԳ նախարարը։
Արփինե Սարգսյանը փաստել է, որ Գվարդիան դուրս է եկել բացառապես հավաքների սպասարկման ռեժիմից և ամենօրյա ռեժիմով նաև մասնակցում է հասարակական կարգի ու անվտանգության ապահովման գործառույթի սպասարկմանը՝ բացահայտելով նաև մեծ խումբ հանցագործություններ։
«Այսպիսով մենք արձանագրում ենք, որ կառավարման նոր լիարժեք մոդել ունենք ոստիկանությունում, և մեր խնդիրն է 2026-ին կենտրոնանալ այս ամբողջ պոտենցիալի առավելագույնս օգտագործման վրա»,- ընդգծել է ՆԳ նախարարը։