ՀԿԴ-ում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստում շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը, որի ընթացքում հետազոտվում են հանրային մեղադրողի կողմից ներկայացված ապացույցները։
Այսօր հետազոտվեց մեղադրողի կողմից դատակոչած վկա Տիգրան Գալստյանի ցուցմունքը, որը դատարանին ներկայացավ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, իշխող կուսակցությունից Երևանի նախկին ավագանի։ Նա նշեց, որ Հովիկ Աղազարյանի հետ ծանոթացել է կուսակցությունում, 2018 թվականին։ Իսկ գործով անցնող Արամ Մկրտչյանի հետ իրեն ծանոթացրել է Հովիկ Աղազարյանը։ «Արամ Մկրտչյանը, եթե հիշողությունս չի դավաճանում, գործարար էր։ Եվ պարոն Աղազարյանը խնդրեց, որ ես նրան որպես ավագանի իմ լիազորությունների շրջանում եթե կկարողանամ ինչ-որ հարցերում օգնեմ, ինչ-որ հարցեր պարզաբանեմ»,- ասաց վկան։
Վկան դատարանին պարզաբանեց, որ անկախ նրանից, թե ով է իրեն դիմել, ինքը որպես ավագանու անդամ պարտավոր է ընթացք տալ իրեն ուղղված յուրաքանչյուր քաղաքացու բանավոր կամ գրավոր դիմումին, խնդրանքին, ինչը մշտապես արել է։ Նաև վստահեցրեց, որ Արամ Մկրտչյանի հետ ծանոթացնելիս և դրանից հետո էլ Հովիկ Աղազարյանը նրա համար որևէ կոնկրետ խնդիր լուծելու առաջարկ չի արել։ Իսկ ինքը Արամ Մկրտչյանին օգտակար լինել ցանկացել է այն պատճառով, որ նա ներկայացել է որպես դրսից ներդրումներ բերող գործարար։
Իսկ ինքը Երևանի, Հայաստանի զարգացման համար ինվեստիցիա բերող ցանկացած մարդու կամ կազմակերպության միշտ էլ պատրաստ է եղել աջակցել։ Տվյալ դեպքում խոսքը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային շենք ունեցող դպրոցներից մեկի տեղում հիմնովին նոր դպրոց կառուցելու և կահավորելու ծրագրի մասին է եղել, որի դիմաց դպրոցի չօգտագործվող ֆուտբոլի դաշտի տեղում պետք է բարձրահարկ շենք կառուցվեր։
Մեղադրողը բազմաթիվ այլ հարցեր էլ հնչեցրեց, որոնց վկան պատասխանում էր այնքանով, որքանով հիշում է, որովհետև արդեն բավականին ժամանակ է անցել, և որոշ բաներ, հնարավոր է, չի հիշում։
Մեղադրողի հարցերը սպառվեցին, իսկ պատասխանող կողմը հայտարարեց, որ վկային հարցեր չունի։ Դրանից հետո նիստը հետաձգվեց։
Հովիկ Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանը Aravot.am-ին ասաց. «Արդեն կարող ենք գնահատական տալ, որ վկան իր ցուցմունքով հիմնավորում է, որ Աղազարյանը առհասարակ կոռուպցիոն որևէ բանի մեջ չի եղել։ Այսինքն՝ պաշտպանական կողմի ի սկզբանե պնդումները, որ սա քաղաքական հետապնդում է, գնալով հիմնավորվում են»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: