Հանքարդյունաբերության ոլորտին անհրաժեշտ են հարկային ռեժիմի և օրենսդրության երկարաժամկետ կայունություն, քանի որ կանոնների հաճախակի փոփոխությունները դժվարացնում են ֆինանսական մոդելների կառուցումն ու գործունեության երկարաժամկետ պլանավորումը։ Այս մասին այսօր ՀՀ հանքարդյունաբերության 3-րդ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական գործիքները պետք է ծառայեն ոչ միայն ֆինանսական արդյունքների ապահովմանը, այլև պետական օրակարգի առաջմղմանն ու կառավարության քաղաքականության իրականացմանը։
Գասպարյանը պարզաբանեց, որ հանքարդյունաբերությունը երկարաժամկետ ներդրումներ պահանջող ոլորտ է։ Ներդրումային ծրագրերն ու ֆինանսական մոդելները հաշվարկվում են երկար ժամանակահատվածի համար, իսկ նախագծերի իրականացումը կարող է տևել մինչև 20 տարի։
Գասպարյանը նաև արձանագրեց, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը մի քանի անգամ փոփոխվել է, իսկ նման հաճախակի փոփոխությունները, ըստ նրա, դժվարացնում են որակյալ ֆինանսական մոդելավորումը և չեն նպաստում երկարաժամկետ պլանավորմանը։ Փոխնախարարը, օրինակ բերելով միջազգային փորձը, առանձնացրեց այնպիսի համակարգեր, որտեղ հարկաբյուջետային ռեժիմը 20 տարվա ընթացքում փոխվել է ընդամենը 2-3 անգամ։
Գասպարյանն ընդգծեց նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության և օրենսդրության կայունությունը հանքարդյունաբերության համար չափազանց կարևոր է երկարաժամկետ հեռանկարում։ Նրա գնահատմամբ՝ նման երաշխիքների առկայության դեպքում ոլորտի ընկերությունները, հնարավոր է, պատրաստ լինեին ավելի շատ վճարել, քանի որ կանխատեսելի պայմանները նրանց հնարավորություն կտային ավելի վստահ պլանավորել ներդրումները։
Փոխնախարարի խոսքով՝ պետական քաղաքականությունը պետք է ձևավորվի նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ։ Ըստ նրա՝ առանց հստակ օրակարգի և ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների՝ կանոնների մշակումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։
Գասպարյանն անդրադարձավ նաև հարկային գործիքների կիրառման տրամաբանությանը։ Բիզնեսի տեսանկյունից հարցը դիտարկելով՝ նա նշեց, որ հասույթից, այդ թվում՝ դրա մի մասից, ռոյալթիի վճարումը կարող է զգալի ֆինանսական բեռ դառնալ ընկերությունների համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: