«Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ ՀՀ» խումբ գործերը քննարկվել են ԵԽ Նախարարների կոմիտեում

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2026 թվականի սեպտեմբերի 15-16-ը կայացած՝ մարդու իրավունքների հարցերով նիստում քննարկել է «Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ ՀՀ» խումբ գործերով ՄԻԵԴ-ի կողմից ընդունված վճիռների կատարումը։

«Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ Հայաստանի» գործերի խումբը վերաբերում է 1999–2013 թվականներին ոստիկանության բաժիններում արձանագրված վատ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահվան դեպքերին, ինչպես նաև այդ դեպքերի առնչությամբ արդյունավետ քննության բացակայությանը (Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների նյութական և դատավարական խախտումներ)։

ՆԿ-ն ողջունել է ՀՀ-ի իրականացրած օրենսդրական բարեփոխումները և ոստիկանության կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով ոստիկանության բաժիններում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հաղորդումների քննության արդյունավետության առնչությամբ։ ՆԿ-ն հորդորել է իշխանություններին շարունակել վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու նման հաղորդումներին և դեպքերին իրավապահ և դատական մարմինների պատշաճ արձագանքը՝ «զրոյական հանդուրժողականության» սկզբունքին համապատասխան՝ ապահովելու համար համապատասխան հանցագործությունները կատարած անձանց անհապաղ բացահայտումն ու պատասխանատվության ենթարկումը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ինչպես գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այնպես էլ առանձին, Նախարարների կոմիտեին է ներկայացրել «Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ Հայաստանի» խումբ գործերի շրջանակում ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ իր գնահատականները՝ հիմնված իրականացված ուսումնասիրությունների, ռազմավարական դատավարությունների շրջանակներում կատարված արձանագրումների և ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքների վրա։

Ներկայացված հաղորդմամբ Կազմակերպությունն ընդգծել է ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի դեպքերի շարունակական բնույթը, ինչպես նաև դրանց առնչությամբ հարուցված քրեական վարույթներով միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ քննության բացակայությունը։ Մասնավորապես, մատնանշվել են ՀՀ քննչական կոմիտեի ինստիտուցիոնալ և գործառնական անկախության ոչ բավարար մակարդակը, քննություն իրականացնող մարմինների մասնագիտական կարողությունների պակասը, ինչպես նաև քննությունների անհարկի ձգձգումները։ Կազմակերպության գնահատմամբ՝ նշված խնդիրները վկայում են խոշտանգումների դեպքերով արդյունավետ քննություն ապահովելու պետության պոզիտիվ պարտավորության կատարմանն ուղղված բավարար ջանքերի բացակայության մասին, իսկ իրականացվող բարեփոխումները դեռևս չեն հանգեցրել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների։

Միաժամանակ, Կազմակերպությունը Նախարարների կոմիտեի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձերբակալված անձանց բժշկական զննության արդյունքները հասանելի են դառնում ՁՊՎ-ների վարչակազմերին։ Կազմակերպության գնահատմամբ՝ նման գործելակերպը խնդրահարույց է ինչպես բժշկական տվյալների գաղտնիության պահպանման, այնպես էլ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արդյունավետ կանխարգելման ու քննության ապահովման տեսանկյունից։

Կազմակերպությունը վերստին հիշեցնում է, որ ՄԻԵԴ վճիռների կատարումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խախտումները վերացնելու և իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու համար։ Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության ԵԽ նախարարների կոմիտեի 9.2 կանոնը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ, որոնք վերաբերում են վճիռների կատարմանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո:

Հասարակական կազմակերպություններին ընձեռված այս հնարավորությունը Կազմակերպությունը կիրառում է ինչպես պետության, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրելու իր կողմից արձանագրված խնդիրների վրա։ Բարձրաձայնվող խնդիրները հիմնված են Կազմակերպության իրականացրած ռազմավարական դատավարությունների, ոլորտային ուսումնասիրությունների և հաստատություններում իրականացվող մշտադիտարկումների արդյունքների վրա։

Կազմակերպությունն իր գնահատականներում մշտապես անդրադարձել է նաև արձանագրված դրական փոփոխություններին՝ առանց դրանք կասկածի տակ դնելու կամ արժեզրկելու։ Միաժամանակ, քաղաքացիական հասարակության առանցքային դերերից մեկը հանրային վերահսկողության (watchdog) գործառույթի իրականացումն է, որը ենթադրում է առկա խնդիրների բացահայտում, փաստահեն գնահատում և բարձրաձայնում։

Այս համատեքստում Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում ՄԻԵԴ վճիռների կատարման շրջանակներում իր ներկայացրած հաղորդումների վերաբերյալ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից օգտագործվող ձևակերպումների առնչությամբ։ Կազմակերպությունը գտնում է, որ նման մոտեցման փոխարեն Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պետք է շահագրգռված լինի ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ կառուցողական երկխոսության և խորհրդակցությունների իրականացմամբ՝ առկա համակարգային խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրանց շոշափելի ազդեցությունն ապահովելու նպատակով։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment