Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ COP17-ում նախագահության շրջանակում և բոլոր գործընկերների հետ՝ ապագա սերունդներին ավելի անվտանգ, կայուն և կենսունակ աշխարհ թողնելու համար։ Այս մասին COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ COP17-ի շրջանակում անհրաժեշտ է վճռական քայլ կատարել՝ հայտարարություններից անցնել իրական արդյունքների, ընդ որում՝ ՄԱԿ-ը պետք է շարունակի մնալ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ հավաքական ջանքերի կենտրոնում։
«Ես անկեղծորեն շնորհակալ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության և այս չափազանց կարևոր համաժողովի կազմակերպման համար։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ ամրապնդելու լայն միջազգային համագործակցությունը մեր ընդհանուր բնական ժառանգության պահպանման գործում։ Խոսքը վերաբերում է ապագա սերունդների հանդեպ մեր ընդհանուր պատասխանատվությանը, որոնք կանգնելու են լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև։ Ըստ էության, խոսքը մեր քաղաքակրթության գոյատևման մասին է, քանի որ կենսաբազմազանությունը մարդկության բարեկեցության, տնտեսական կայունության և երկարաժամկետ անվտանգության հիմքն է», — նշել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ միլիոնավոր մարդկանց համար ջրի պակասը կամ հողերի դեգրադացիան արդեն դարձել են առօրյա իրականություն։
«Ամենատագնապալի հետևանքն այն է, որ այս գործընթացը դուրս է գալիս ազգային սահմաններից, խաթարում է կայուն զարգացումը և սպառնում գլոբալ կայունությանը։ Բնապահպանական օրակարգը, որը պետք է ամրապնդված լինի ճիշտ որոշումներով և գործնական քայլերով, պետք է վեր լինի քաղաքական տարաձայնություններից։ Մեզ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն՝ անկեղծ, անաչառ և, անկասկած, շոշափելի արդյունքների հասնելու նպատակով», — ընդգծել է նա։
Տոկաևը հավելել է, որ Կասպից ծովի և նրա եզակի կենսաբազմազանության պաշտպանությունը մեծ վճռականություն է պահանջում։
«Թուրքմենստանում անցկացված Կասպիական առաջին բնապահպանական գագաթնաժողովում ես կոչ արեցի անհապաղ, համակարգված միջոցներ ձեռնարկել՝ այս խոցելի էկոհամակարգին անդառնալի վնասը կանխելու համար։ Անցած հարյուրամյակի ընթացքում կասպիական փոկերի պոպուլյացիայի թվաքանակը 1 միլիոնից նվազել է մինչև 270 հազար առանձնյակ։ Ղազախստանում կասպիական փոկը պաշտոնապես ներառված է հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ցանկում։ Մենք կոչ ենք անում մերձկասպյան բոլոր հինգ պետություններին և միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերն այս տեսակի պաշտպանության ուղղությամբ։ Արալյան ծովի ողբերգությունը խիստ հիշեցում է բնության անխոհեմ շահագործման կործանարար հետևանքների մասին։ Մենք չպետք է թույլ տանք, որ Կասպից ծովն արժանանա նույն ճակատագրին», — նշել է Տոկաևը։