«Ես ղեկավարում եմ մի կազմակերպություն, որը հանքարդյունաբերության ոլորտում խորհրդատվություն է տրամադրում։ Ոլորտում աշխատում եմ ավելի քան 50 տարի, և ինձ հաճախ հարցնում են՝ ինչպիսի՞ն է ապագան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի մասնակից` հանքարդյունաբերության ոլորտի գործադիր խորհրդատու Մարկ Կուտիֆանին։
Նրա խոսքով՝ աշխարհն անցնում է տարատեսակ փոփոխությունների փուլով։ Էներգետիկ անցումը պահանջում է նոր մետաղներ, ինչպես նաև մեզ ծանոթ մետաղների ավելի լայն և մեծածավալ կիրառում։
«Այսօր գիտությունն ու արհեստական բանականությունը մեզ հուշում են տարբեր նոր տեխնոլոգիաների և մեզ հայտնի մետաղների կիրառության նոր հնարավորությունների մասին։ Մարդկությունը շարունակում է զարգանալ, և հազարամյակների ընթացքում այդ զարգացումը հանգեցնում է տարբեր մետաղների ու օգտակար հանածոների դերակատարման փոփոխության։
Այսօր մենք հավաքվել ենք՝ հասկանալու, թե ինչպես Հայաստանը կարող է օգուտներ քաղել այս փոփոխություններից և մասնակցել դրանց։
Ես կարծում եմ, որ բնական ռեսուրսներով հարուստ երկրները մոտակա 50-100 տարիների ընթացքում պետք է զարգանան ու ծաղկեն»,- նշեց նա։
Անդրադառնալով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացումներին՝ Կուտիֆանին ասաց. «Մինչ այժմ բավականին լավ աշխատանք է կատարվել, և հասունացել է այդ լավ աշխատանքի հաջորդ փուլին անցնելու պահը։ Այսօր օրակարգը դարձել է ավելի հասուն, ավելի հաշվենկատ՝ սոցիալական սպասումների նկատմամբ, և դա բավականին դրական ազդակ է։ Եթե որպես ոլորտ կարողանանք լսել և ընկալել, թե ինչ է ասում մեզ տեղական արդյունաբերական ոլորտը և ավելի լայն համատեքստում՝ մեր ոլորտը, եթե կարողանանք մի կողմից հասկանալ, թե ինչ օրակարգ է հետապնդում կառավարությունը, և փորձել աջակցել նրան, իսկ մյուս կողմից՝ լսելի դարձնել համայնքների ու սոցիալական տարբեր շերտերի տեսակետները, ապա կհասնենք հենց այդ դրական երկխոսությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: