«Պոտենցիալ դավաճաններ են»․ խտրական և ծայրահեղ վերաբերմունք՝ գերությունից վերադարձածների նկատմամբ

«Գերությունից վերադարձածների խնդիրները տնտեսական, առողջական բնույթի են։ Կան երկրորդային առողջական բնույթի դժվարություններ և հոգեսոցիալական կամ հոգեբանական խնդիրներ։ Հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվում են, հարմարվողականության խնդիրներն են։ Վերադարձած գերիներին մեր հասարակության մեջ հաճախ ընդունում են երկու ծայրահեղ վերաբերմունքով։ Մեկը՝ չափից ավելի կարեկցանքով՝ ավելի շատ հարազատներ, բարեկամներ, մյուսը՝ խուսափողական, քանի որ նրանց նկատմամբ կարծես առաջանում է խտրական վերաբերմունք, որ եթե գերի են, ուրեմն պոտենցիալ դավաճաններ են և այլն»,- Ազատություն, արդարություն և վերահամարկում խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։

Գերությունից վերադարձածների հիմնական խնդիրներն ուղեկցվում են տրավմատիկ հիշողություններով․ «Դրանք կապված են ոչ միայն գերության ընթացքի, այլև մինչև գերության ժամանակահատվածի հետ։ Աշխատում էի մի երիտասարդի հետ, որին ամենաշատն անհանգստացնում էր այն, որ երբ իրենք հրամանատարին տեղեկացրել էին, որ գտնվում են շրջափակման մեջ, որևէ նշան, քայլ վերաբերմունք, արձագանք չի եղել։ Դա ամենաշատն էր իր վրա հոգեբանորեն ազդել»։

Խաչատուր Գասպարյանը փաստեց՝ Արցախի կորստի տրավման կոլեկտիվ տրավմա է մեր ազգի համար․ «Արցախի կորստից հետո ազգովի ունենք մեղքի զգացում, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել։ Ինչքան էլ ձևացնեն՝ ամեն ինչ լավ է, գնում են դեպի պայծառ, խաղաղ ապագա, մենք այդ ինկապսուլացված տրավմվան փոխանցում ենք հաջորդ սերնդին և իրենց վրա թողնում այդ խնդրի լուծման պատասխանատվությունը»։

LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment