«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Արմեն Ֆերոյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին որոշել է ևս երկու ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել դատական ակտը և ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։ Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։ Հետագայում իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Այժմ գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Դատարանում քննվող վարույթով մեղադրյալի կարգավիճակում են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված վարչական հսկողությունը։