«Հանքարդյունաբերությունը զարգանում է, բայց արագանում է նաև բնության քայքայումը». Պիպա Հովարդ

«Այս պահին մեր մոլորակի վրա բնության հետ կապված երեք ճգնաժամ է ընթանում՝ կլիմայական փոփոխություններ, ջրի խնդիր և կենսաբազմազանության կորուստ։ Հանքարդյունաբերությունը զարգանում է, բայց արագանում է նաև բնության քայքայումը, մինչդեռ բնությունը մեզ ծառայություններ է մատուցում, որոնցից մենք կախված ենք»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ ասաց կենսաբազմազանության, բնության վերականգնմանն ուղղված ռազմավարությունների և կայուն զարգացման ոլորտների միջազգայնորեն ճանաչված փորձագետ Պիպա Հովարդը։

Նրա խոսքով՝ մեր ապագան կախված է բնության առողջությունից, և մեր տնտեսությունը նույնպես կախված է դրանից։

«Բնության վրա ազդեցությունը հնարավորինս նվազեցնելն առանցքային նշանակություն ունի։ Հետևանքները տարբեր են՝ եղանակային աղետներից մինչև մարդկանց մահեր։

Եթե ձեզ հարցնեի՝ ինչպիսի՞ն է էկոհամակարգերի վիճակը՝ հինգ տարի առաջվա համեմատ, կկարողանա՞ք ինձ թիվ տալ։ Նկատի չունեմ հեկտարները կամ թույլտվությունները, այլ իրականում կենդանի էկոհամակարգերի վիճակը։

Այստեղ նստած կազմակերպությունների ներկայացուցիչները կասեին՝ ոչ։ Պատճառն այն չէ, որ մարդկանց չի հետաքրքրում բնությունը, այլ այն, որ մինչև վերջերս այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ գործիքներ չունեինք։

Հանքարդյունաբերությունը պարադոքսի առաջ է կանգնած․ զարգացումն անհնար է առանց նիկելի, երկաթի, կոբալտի, բայց այդ մետաղների հանքավայրերը գտնվում են այն վայրերում, որտեղ հարուստ կենսաբազմազանություն կա»,- նշեց Հովարդը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բնության մասին խոսակցությունները պատմողական մոտեցումից անցել են թվային ցուցանիշների։

«Հանքարդյունաբերության ոլորտը մեծ խոստումներ է տալիս, պարտավորվում է համապատասխանել զուտ աճի և զուտ կորստի ցուցանիշներին, բայց եթե չես կարողանում ինչ-որ բան չափել, դժվար է դրան համապատասխանել»,- ասաց փորձագետը։

Հովարդն անդրադարձավ նաև ոլորտի մարտահրավերներին։

«Ի՞նչ է մեր ոլորտը կարողացել անել մինչ այժմ։ Հիմնականում չափվել են խախտված հողերի հեկտարները և գետերից օգտագործված ջրի ծավալները։ Մենք պետք է բնությունը չափենք անմիջականորեն։

Հանքի ուղղակի ազդեցության հետքը փոքր է, բայց անուղղակի ազդեցությունը շատ լուրջ է՝ ենթակառուցվածքներ, բնակավայրեր, հողի և ջրի օգտագործման փոփոխություններ։ Այս ամենը կարող է շատ ավելի լայնածավալ ազդեցություն ունենալ»,- ընդգծեց նա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment