«Հայաստանում ծնվող մշակութային ու արվեստագիտական կարևոր իրադարձություններն անմիջապես արձագանք են գտնում մայր հայրենիքից հեռու՝ ամրապնդելով մեր միասնական մշակութային դաշտը»

Երևանում աշնան սկզբին «Սարոյանական օրերի» շրջանակում Արվեստի ինստիտուտում կայացած «Վիլյամ Սարոյանը և արվեստը» առաջին հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսին Aravot.am-ի անդրադարձը թարգմանաբար տեղ է գտել ֆրանսիական «Նոր Յառաջ» պարբերականի (գլխավոր խմբագիր՝ Ժիրայր Չոլաքեան) էջերում։

Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին Արվեստի ինստիտուտը և Սան Ֆրանցիսկոյում գործող «Վիլյամ Սարոյան հիմնադրամը», որը 1966 թվականին ստեղծել է հենց ինքը՝ մեծանուն գրողը։ Կոնֆերանսի ընթացքում Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը և «Վիլյամ Սարոյան հիմնադրամի» նախագահ Սքոթ Սեդրակյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

«Անշուշտ, այս ուրախալի իրողությունը մի կողմից փաստում է, որ Հայաստանում ծնվող մշակութային ու արվեստագիտական կարևոր իրադարձություններն անմիջապես արձագանք են գտնում մայր հայրենիքից հեռու՝ ամրապնդելով մեր միասնական մշակութային դաշտը։ Մյուս կողմից՝ սա վկայում է այն բարձր մասնագիտական գնահատականի մասին, որ սփյուռքահայ հեղինակավոր և ավանդույթներով հարուստ «Նոր Յառաջ» պարբերականը տալիս է հայաստանյան անկախ մամուլին։ Եվ երբ սփյուռքյան առաջատար թերթերից մեկը թարգմանաբար վերահրատարակում է մեր՝ տեղական հարցազրույցը, դա լավագույնս հավաստում է տեքստի բովանդակային խորության, արժեքի և համահայկական մեծ հետաքրքրության մասին»,– փոխանցեց տիկին Ասատրյանը, ապա նշեց, թե Արվեստի ինստիտուտն իր հերթին նորովի է արժևորվում ու ճանաչելի դառնում Սփյուռքում՝ նոր հորիզոններ բացելով գիտական շրջանակների միջազգային կապերի ընդլայնման համար։ Ուրախալի է, որ հայաստանյան գիտական ու մշակութային միտքը կենդանի հետաքրքրություն է արթնացնում համայն հայության շրջանակում և արժանի ուշադրության արժանանում սփյուռքյան առաջատար հարթակներում։

Այնուհետև մանրամասնելով՝ հայտնեց հետևյալը. «Շնորհակալ եմ փարիզաբնակ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Շուշան Զոհրաբյանին՝ հայ արվեստագիտության կենտրոնի՝ Արվեստի ինստիտուտի և ֆրանսահայ մամուլը կանգուն պահող և սփյուռքահայ մամուլի ռահվիրաներից մեկի՝ «Նոր Յառաջի» միջև ստեղծած սերտ համագործակցության համար։ Ի դեպ, մեր առաջարկությամբ՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» առաջին հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսում Զոհրաբյանը ներկայացրեց «Վիլյամ Սարոյանի գրական եւ մշակութային ներկայությունը Փարիզի «Յառաջ» թերթի «Միտք եւ արուեստ» հավելվածում (1976–2009)» զեկուցումը, որտեղ հայ գեղարվեստական քննադատության ուսումնասիրության պատմության մեջ առաջին անգամ նա 351 համարների ամբողջական քննության արդյունքում բացահայտեց, որ Սարոյանի ներկայությունը կառուցվել է փոխկապակցված մշակութային հանգույցների միջոցով, որոնցում նրա ստեղծագործությունը դիտարկվել է տարբեր գեղարվեստական, գաղափարական և մշակութաբանական դիտանկյուններից։

Իմիջիայլոց, նրա հավաստմամբ՝ «Միտք եւ արուեստ»-ի էջերում Սարոյանը հանդես է եկել որպես գրող և թատերագիր, իսկ նրա ստեղծագործությունը՝ որպես գրականության, թատրոնի և կինոյի փոխհարաբերությունների, ամերիկահայ ինքնության, բազմալեզու սփյուռքյան գրականության և մշակութային հիշողության ուսումնասիրման դաշտ։ Նրա կերպարը ձեռք է բերել նաև տեսական և համեմատական գործառույթ՝ դառնալով ազգային պատկանելիության, սփյուռքյան փորձառության և մշակութային ինքնության մեկնաբանման հղման կետ։ Իսկ 2008 թ. «Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նյութաշարն էլ համադրել է այս տարբեր շերտերը՝ նրա գրական, թատերական և կինեմատոգրաֆիական ժառանգությունը ներկայացնելով որպես փոխկապակցված ստեղծագործական ամբողջություն»։

Աննա Ասատրյանը խոսքը եզրափակեց այսպես. «Հետևաբար, «Միտք եւ արուեստ»-ում Սարոյանի ներկայությունը կարելի է դիտարկել որպես նրա մշակութային կերպարի փոփոխվող ընթերցումների և սփյուռքյան մշակութային դաշտում դրա վերարժևորման գործընթաց»։

 

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment