«Հիմա եկել ենք, նստենք՝ լսենք, լսենք, լսենք, հետո չհասկանանք՝ ինչ կատարվեց». Արմեն Գևորգյանը վրդովվեց՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության ընթացքում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեցին «Մարտի 1-ի» գործով նախնական դատալսումները։ Հանրային մեղադրողը նախ երկար ներկայացրեց մեղադրանքի կողմի ապացույցները և դրանց կապը մեղադրյալների ու մեղադրանքի փաստական հանգամանքների հետ։

Հանրային մեղադրողի ներկայացումից հետո լարված քննարկում ծավալվեց դատավարության մասնակիցների միջեւ՝ այս դատավարության բոլոր փուլերում հիմնական խնդրի շուրջ՝ մեղադրանքներն ընդհանուր են, կոնկրետ մեղադրյալի, կոնկրետ արարքը հստակ չէ։ Մեղադրյալներից Արմեն Գևորգյանը դժգոհեց՝ ընդգծելով, որ պաշտպանական կողմի համար պետք է հասկանալի լինի՝ ներկայացվող յուրաքանչյուր ապացույց կոնկրետ որ մեղադրյալի և մեղադրանքի որ դրվագի հետ է կապված․ «Ես հիմա ուզում եմ հասկանալ, որ հիմա ասվելու է, ասենք՝ 10 վկայի անուն է տրվելու, հանգամանքը նշվելու է, այդ վկաների ցուցմունքը Արմեն Գևորգյանի ո՞ր գործողության հետ է առնչվում»։

Նրա խոսքով՝ արդեն երկրորդ նիստն է՝ լսում է տարբեր հանգամանքների մասին, սակայն դրանց կապը իր գործողությունների հետ հստակ չի ներկայացվում․ «Կարո՞ղ եմ հասկանալ՝ զինվորականների ներկայությունը Երևանում իմ պաշտոնական գործողությունների հետ ի՞նչ կապ ունի, բայց ասվում է, որ այս ամեն ինչը վերաբերում է բացառապես Գևորգյանի կաշառքի դրվագին»։

Արմեն Գևորգյանը շեշտեց, որ ինքը չի պահանջում, որպեսզի դատախազը մանրամասն վերարտադրի յուրաքանչյուր ապացույցի բովանդակությունը, այլ ցանկանում է հասկանալ դրա նշանակությունը կոնկրետ մեղադրանքի և կոնկրետ մեղադրյալի համար․ «Մրցակցային դատավարության մեջ ամեն ինչ պետք է պարզ լինի։ Ինքը պետք է ասի՝ սա իմ ապացույցն է, ես ապացուցում եմ այսինչ փաստը, որը վերաբերում է, օրինակ, այսինչ մեղադրյալի մեղադրանքի հաստատմանը։ Մենք էլ ասենք՝ հա, մեզ սա չի վերաբերում, որովհետև այս փաստական հանգամանքը սա չի հիմնավորում»։

Ըստ բանախոսի, տվյալ պարագայում պաշտպանական կողմը հայտնվում է անորոշ իրավիճակում․ «Մենակ էդպես չի էլի, որ հիմա եկել ենք, նստենք՝ լսենք, լսենք, լսենք, հետո չհասկանանք՝ ինչ կատարվեց, հետո չհասկանանք՝ ոնց պաշտպանվենք։ Այ սա է խնդիրը»։

Հանրային մեղադրողը պարզաբանեց՝ նախնական դատալսումների փուլն է, և Քրեական դատավարության օրենսգրքի 319-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պետք է հիմնավորեն, թե իրենց ներկայացրած յուրաքանչյուր ապացույց ինչ փաստական հանգամանքի հաստատման կամ հերքմանն է ուղղված․ «Ես դատարան բերել եմ մեղադրանք, որը ունի երկու բաղադրիչ՝ փաստական կողմը և իրավական կողմը։ Փաստական կողմում նկարագրված են որոշակի գործողություններ, որոշակի փաստեր։ Ես ընդամենը պետք է ասեմ՝ գիտե՞ք ինչ, այս ապացույցով այս փաստն է հիմնավորվելու, այս ապացույցով՝ այս փաստը, մյուսով էլ՝ մյուս փաստը»։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը փաստացի փորձում է դատախազից պահանջել այնպիսի վերլուծություն, որը պետք է իրականացվի արդեն դատական քննության և հետագայում՝ վիճաբանությունների փուլում․ «Եթե սկսի հանրային մեղադրողը ապացույց վերլուծել և ներկայացնել, կվերածվի վիճաբանությունների դատական, կմտնենք արդեն վիճաբանությունների փուլ, իմաստազուրկ կլինի փուլային կառուցվածքը քրեական դատավարության»։

Հանրային մեղադրողը հայտարարեց՝ դեռ երկու հատոր նյութ պետք է ներկայացնի, և դրանք նույնպես կներկայացվեն սահմանված կարգով․ «Այն, որ դուք մինչև այս պահը չեք լսել ձեզ վերաբերող որևէ կոնկրետ այլ ապացույց, դա չի նշանակում, որ չեք լսելու, որովհետև դեռ երկու հատոր ապացույց կա ներկայացնելու։ Կներկայացնեմ բոլորը և կներկայացնեմ այնպես, ոնց որ ես էի ներկայացնում, որովհետև ճիշտը սա է»։

Պաշտպանական կողմը մնաց իր դիրքորոշմանը՝ խոսքը ոչ թե ապացույցների մանրամասն բովանդակությունը ներկայացնելու, այլ դրանց վերաբերելիությունը հստակեցնելու մասին է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե դատախազը չի նշում, թե տվյալ ապացույցը կոնկրետ որ մեղադրյալին և մեղադրանքի որ փաստական հանգամանքին է վերաբերում, պաշտպանական կողմը չի կարող լիարժեք որոշել՝ տվյալ ապացույցի վերաբերյալ առարկություն ներկայացնե՞լ, թե՞ ոչ։

Ըստ պաշտպանի՝ նույն ապացույցը կարող է վերաբերել մեկ մեղադրյալի մեղադրանքին, սակայն չվերաբերել մյուսին, և այդ տարբերակումը էական նշանակություն ունի պաշտպանական կողմի համար։

Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հստակեցրեց՝ պաշտպանությունը չի պահանջում, որպեսզի դատախազը յուրաքանչյուր վկայի ցուցմունքը կրկին ամբողջությամբ ներկայացնի։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր ապացույցի ներկայացման ժամանակ հստակ նշվի՝ ի՞նչ փաստական հանգամանք է դրանով հաստատվում կամ հերքվում և ո՞ր մեղադրյալի մեղադրանքին է այն առնչվում։

Պաշտպանական կողմի ձևակերպմամբ՝ այդ հստակեցումը անհրաժեշտ է ոչ միայն դատավարությունը կանխատեսելի դարձնելու, այլև կողմերի մրցակցային հնարավորություններն ապահովելու համար։

Պաշտպանները հստակեցրեցին՝ նման պրակտիկա դատական գործընթացներում նախկինում կիրառվել է․ երբ հանրային մեղադրողը ներկայացնում է, օրինակ, տասը վկայի ցուցմունք, նշում է, թե դրանցով մեղադրանքի ո՞ր փաստական հանգամանքն է հաստատվում, իսկ պաշտպանական կողմը կարող է իր հերթին նշել, որ նույն ցուցմունքները, հակառակը, հերքում են տվյալ հանգամանքը։ Պաշտպանական կողմը դատարանից պահանջեց՝ պարտավորեցնել մեղադրողին յուրաքանչյուր ապացույցի ներկայացման ժամանակ հստակեցնել դրա ապացուցողական նշանակությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment