«Ունենք ապացույցներ, որ Հայփոստը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է ՀՀ-ից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ»․ Սիրանուշ Սահակյան

«Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում, եթե համակցենք, կտեսնենք՝ ողջամիտ կասկածից վեր է, որ խոշտանգումներ կան, դրանք շարունակական բնույթ են կրում, այո, համակցված են նաև անմարդկային վերաբերմունքով»,-Ազատություն, արդարություն և վերահամարկում խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ասաց, որ հայրենադարձված գերիների առնչությամբ շարունակում են խոշտանգումների վերաբերյալ գործերը․ «Ստացված վկայությունների, բժշկական փաստաթղթերի միջոցով կարողանում ենք հետադարձ հայացք նետել Բաքվում գտնվելու ժամանակահատվածին և հաստատել խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի փաստը։ Կարևոր նշանակություն ունի գերությունից վերադարձած անձի ցուցմունքը։ Ադրբեջանի առումով կան խոշտանգումներով արձանագրած բազմաթիվ գործեր»։

 

Սիրանուշ Սահակյանն ահազանգեց՝ հայ գերիների՝ անմիջական ֆիզիկական կապ արտաքին աշխարհի հետ գոյություն չունի․ «Վերջին ֆիզիկական կապը տեղի է ունեցել 2025-ի դեկտեմբերի 24-25-ին։ Որևէ անմիջական դիտարկում 2026-ին, որևէ տեղեկություն հասանելի չէ։ ՄԻԵԴ-ից ենք ստացել վերջին տեղեկատվությունը, որն ունի փաստաթղթային տեսք։ Տեղեկատվության հավաքագրողն ու փոխանցողը Ադրբեջանն է։ Ադրբեջանը կիսվել է փակ հաստատության քարտային տվյալներով, որտեղ տեսնում ենք մուտքի վերաբերյալ տեղեկատվություն, որոշակի բժշկական հետազոտության արդյունքներ։ Հետաքրքրական է, որ տրամադրվել են լուսանկարներ, որտեղ իբր պահվում են մեր հայ գերիները։ Այս լուսանկարներում նույնականացում չկա, որ խցերն են և ինչ օբյեկտիվ կապ գոյություն ունի այդ խցերի և պահվող անձանց միջև։ Նախկինում այս ցուցադրական վայրերում տեսնում էինք նաև հայերին, որոշակի առումով հասկանում էինք՝ արտաքին ինչ վիճակ կա։ Այս պարագայում խցերում բացակայում են հայերը։ Միտումնավոր հրաժարվում են լուսանկարների տրամադրումից, ինչը մեր գնահատմամբ՝ բացասական միտում է։ Ոչ միայն անկախ դիտորդների մուտքն են արգելում»։

Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ նաև հյուպատոսականա այցելությունների իրավունքին․ «Դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է և Բաքվում գտնվողների մարդու իրավունքները, որը երաշխավորված է միջազգային համաձայնագրերով։ Հետաքրքրական փոփոխություն եմ տեսնում խոսույթում։ Երբ սկզբնապես նշում էինք, որ ՀՀ-ն չի իրականացնում հյուպատոսական այցելություններ և ուղիղ որպես խոչընդոտ ընկալում էինք Ադրբեջանին, ունենք ապացույց, որ առնվազն Շվեյցարիան իր համաձայնությունն է տվել իրականացնել հյուպատոսական այցելություններ, այսօր արդեն տեսնում ենք, որ ՀՀ-ն հաստատում է 3-րդ պետության դիմելու հանգամանքը, բայց մերժում է, որ նրանք տվել են իրենց համաձայնությունը։ Կարծես Ադրբեջանի պատասխանատվությունից գնում են երրորդ երկրների պատասխանատվություն։

Ուզում ենք ընդունել այն ցավալի իրողությունը, որ այս երկրի վրա չի հայտնվել մի պետություն, որը կստանձներ ՀՀ անունից ՀՀ քաղաքացիներին տեսակցելու՝ այս կարևոր մարդասիրական առաքելությունը։ Սա չի հանգուցալուծում այն իրավիճակը, որ մենք ունենք։ Պաշտոնական պատասխան Շվեյցարիայի կողմից չունենք։ Պետք է հասկանանք՝ ի՞նչ տեղի ունեցավ ՀՀ-ի և Շվեյցարիայի փոխհարաբերություններում, որ ՀՀ-ն չի դիմել կամ Շվեյցարիայից չի ստացել նման համաձայնություն»։

Սիրանուշ Սահակյանը նաև փաստեց՝ հայ գերիները զրկված են նաև նամակներ ուղարկելու և ստանալու հնարավորությունից, ինչը հանցագործներին ներհատուկ երաշխիք է փակ հաստատություններում պահվելու պարագայում․ «Տիկին Զոնաբենդը նախաձեռնություն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրություն ունեցող անձինք կարող էինք որոշակի հասցեներով ուղարկել։ Դրանք հավաքագրվել են, հանձնվել ՀՀ կառավարությանը կառավարական ճանապարհներով մեր գերիներին հասցնելու նպատակով։ Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատվություն։ Կառավարությունը նշեց, որ կարող են Հայփոստի միջոցով ուղիղ հասցեագրել Ադրբեջանին։ Մենք բազմաթիվ տարիներ միշտ նման փորձարկումներ արել ենք, ունենք ապացույցներ, որ Հայփոստը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է ՀՀ-ից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ։ Եղավ Հայփոստի պաշտոնական պարզաբանումը։ Սրանք ապացույցներ են, որոնք վկայում են, որ նամակագրության ազատությունը ևս սահմանափակված է, և կա բացառիկ բնույթի մեկուսացվածություն»։

LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment