Սարգիս Խանդանյանը՝ Նարեկ Կարապետյանի՝ եվրաինտեգրման վերաբերյալ հեգնանքի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

Քաղաքականություն

16.10.2026 | 16:30

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ COP17-ին եվրոպական առաջնորդների մասնակցության վերաբերյալ հեգնական հայտարարությանը, հիշեցրել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման մասին։ Նա մատնանշել է եվրոպական առաջնորդների՝ մայիսին Հայաստան կատարած այցերը, ԵՄ-ի կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցների տրամադրումը և վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսությունը։

Սարգիս Խանդանյանի գրառումը՝ ստորև․

«Կարապետյանների ընտանիքն ու նրանց ընտանեկան օգտագործման կուսակցությունը երևի մայիսին էնքան խառն էին «գաղտնի պլան» մշակելով կամ «պոպոխություն» բերելով (ենթադրաբար Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ հրահրելու տեսքով), որ չեն նկատել մայիսի սկզբին Հայաստան ժամանած եվրոպական ԲՈԼՈՐ առաջնորդներին: COP17-ի բեյջերի թելերը չափելիս էլ բաց են թողել ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցների տրամադրումը` բացառիկ արտոնություն անդամակցության հայտ չներկայացրած և թեկնածուի կարգավիճակ չունեցող երկրի համար: Եթե հրաշքով պարզեն նաև, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որ ԵՄ հետ վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն, բոլորովին կխճճվեն եվրաինտեգրման իրենց ուրույն օրակարգում»:

Խանդանյանի գրառումը հաջորդել է Նարեկ Կարապետյանի՝ COP17-ի մասնակիցների կազմի և համաժողովի կազմակերպման համար ծախսված 30 միլիոն դոլարի վերաբերյալ քննադատությանը։ Կարապետյանը հեգնանքով հարցրել էր, թե ինչու համաժողովին եվրոպական երկրների ղեկավարներ չեն մասնակցում՝ կասկածի տակ դնելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի խորությունը։

Leave a comment