Մենք հանդիպում ենք մարդկության և բնության համար բեկումնային պահին, թեև այս «բեկումնային պահը» արդեն բավական երկար է շարունակվում, և մենք հստակ գիտակցում ենք, որ հիմա մարդկանց ու բնության համար եկել է խիստ կարևոր փուլը։ Այս մասին COP17-ի շրջանակում «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հոկտեմբերի 16-ին Երևանում հայտնել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF International) նախագահ Ադիլ Նաջամը։
«Ամբողջ աշխարհում համայնքները բախվում են շրջակա միջավայրի դեգրադացիայի հետևանքներին՝ աճող ճնշմանը պարենային համակարգերի և ջրային ռեսուրսների վրա, կենսապահովման միջոցների և տնտեսական կայունության համար սպառնալիքներին։
Վերջին 50 տարիների ընթացքում վայրի կենդանիների պոպուլյացիաների թվաքանակը կրճատվել է ավելի քան 70 տոկոսով, և այդ գործընթացը շարունակվում է։ Սակայն սա զեկույցի հիմնական ուղերձը չէ։
Հարցն այլևս այն չէ, թե արդյոք մենք գիտենք, թե ինչ պետք է անել․ մենք գիտենք։ Հարցն այն է, թե արդյոք կկարողանանք գործել միասին՝ անհրաժեշտ արագությամբ և պահանջվող մասշտաբով։
Առաջանում է ևս մեկ հարց՝ ինչո՞ւ դա ավելի վաղ տեղի չունեցավ։ Հենց այդ պատճառով են առաջնորդների գագաթնաժողովն ու COP17-ը այսքան կարևոր։ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը աշխարհին առաջարկում է հստակ և հավակնոտ «ճանապարհային քարտեզ»։ COP17-ը հնարավորություն է տալիս ցույց տալ, որ այս ծրագիրը կյանքի է կոչվում՝ գործնական իրականացման, ներդրումների և հաշվետվողականության միջոցով», — հավելել է Ադիլ Նաջամը։