ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «այն մարդը չէ», ում հետ Միացյալ Նահանգները պետք է գործ ունենա, քանի որ նա, իբր, չի ցանկանում բանակցել պատերազմը դադարեցնելու շուրջ։ Ինչպես հայտնում է «Европейская правда»-ն, այդ մասին Թրամփն ասել է Newsmax-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը ավելի վաղ Զելենսկու հասցեին նրա հնչած քննադատության շարունակությունն են. Թրամփն ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե «ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ընտրի»։
«Զելենսկին այն մարդը չէ, ում հետ մենք պետք է գործ ունենանք։ Բայդենը նրան հարյուրավոր, միլիարդավոր դոլարներ է տվել։ Կարծում եմ՝ նրանք (Ուկրաինան և Ռուսաստանը – խմբ.) այնուամենայնիվ, ինչ-որ համաձայնության կգան։ Բայց ոչ նրա հետ։ Զելենսկին չի ցանկանում բանակցել։ Նա ասում է, թե ցանկանում է բանակցել, բայց իրականում չի ցանկանում», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն նշել է, թե ինքը «Զելենսկու մեծ կողմնակիցը չէ» և շեշտել, թե «նրանք կործանել են այդ երկիրը»։
«Իրականում ամեն ինչ սկսվեց Բարաք Հուսեյն Օբամայից, երբ նրանք ստիպեցին հանձնել Ղրիմը։ Ղրիմն, անկասկած, Ուկրաինայի ամենաարժեքավոր մասն է։ Գիտեք, թե ինչի մասին եմ խոսում։ Այն չորս կողմից օվկիանոսով է շրջապատված, չէ՞։ Երկրի ամենագեղեցիկ անկյունը։ Ես կառուցապատող եմ։ Ես լավ հողից հասկանում եմ։ Նրանք հանձնեցին Ղրիմը, բայց ինչ վերաբերում է ավելի ժամանակակից իրադարձություններին, ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Զելենսկին գնաց Պուտինի հետ հանդիպման, և նրանց հանդիպումը շատ վատ անցավ», – հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը Զելենսկիին է ատում, Զելենսկին էլ՝ Պուտինին, իսկ «երբ մարդկանց միջև նման ատելություն է տիրում, շատ դժվար է համաձայնության հասնել»։
Միևնույն ժամանակ, Թրամփը համոզված է, որ պատերազմը «պետք է ավարտվի մոտ ժամանակներս», քանի որ «իրականում երկու կողմերն էլ կցանկանային, որ այն ավարտվեր»։ «Բայց, իմ կարծիքով, Զելենսկու հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Պուտինի», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք՝ Թրամփի վերջին մեկնաբանություններից հետո Զելենսկին հայտարարել էր, թե պատրաստ է նախագահական ընտրություններ կազմակերպել Ուկրաինայում, եթե Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։
Իսկ օրերս Զելենսկին ափսոսանք էր հայտնել, որ «Ուկրաինան կորցնում է ուժեղ գործընկերոջ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: