ՅՈՒՆԵՍԿՕ. COP17-ը Երևանում մասնակիցներին հնարավորություն է տալիս խորացնել համագործակցությունը կայուն զբոսաշրջության ոլորտում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք գտնվում ենք կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի (ընդունված Մոնրեալում) իրականացման կես ճանապարհին, արդեն արձանագրվել է որոշակի առաջընթաց, սակայն 2030 թվականի համար նախատեսված նպատակները կատարելու համար դեռ շատ բան կա անելու։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդներ» գագաթնաժողովի ընթացքում հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Անանին։

 

«Լավ նորությունն այն է, որ մենք գիտենք, թե որ մոտեցումներն են արդյունավետ։ Այս տարի ՅՈւՆԵՍԿՕ-ն հրապարակել է իր գլոբալ ցանցի առաջին գնահատականը, որն ընդգրկում է մշակութային և բնական ժառանգության ավելի քան 2 300 օբյեկտ, կենսոլորտային արգելոցներ և գեոպարկեր՝ ընդհանուր 13 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով։ Չնայած կենսաբազմազանության համաշխարհային կրճատմանը՝ այդ տարածքներում վայրի կենդանիների պոպուլյացիաները ընդհանուր առմամբ մնում են կայուն։ Այս կայունությունը 900 միլիոն մարդկանց երկարաժամկետ ջանքերի արդյունք է, որոնք ապրում են այդ տարածքներում։

 

Սա համահունչ է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ որպես «մարդկանց համար» աշխատող կազմակերպության մեր տեսլականին։ Կենսաբազմազանության պաշտպանությունը նշանակում է աջակցել նրանց, որոնց կյանքն ու ապրուստի միջոցները կախված են էկոհամակարգերի առողջությունից։

Այսօր մեր խնդիրն է մասշտաբավորել այս հաջողված գործելակերպերը՝ օգտագործելով ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող օբյեկտները կենսաբազմազանության ոլորտում ազգային ռազմավարությունների իրականացման, առաջընթացի մոնիթորինգի և նոր լուծումների փորձարկման համար։ Դրա համար անհրաժեշտ են կրթություն և կարողությունների զարգացում։

ՅՈւՆԵՍԿՕ-ն ուրախ է իր ներդրումն ունենալ կենսաբազմազանության ոլորտում կրթության գլոբալ գործողությունների ծրագրի նախագծում, որը առաջիկա օրերին կքննարկվի COP17 համաժողովի ընթացքում։

Իրազեկվածության բարձրացումից բացի՝ մենք պետք է երիտասարդությանը և տեղական համայնքներին տրամադրենք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք նրանց թույլ կտան դառնալ փոփոխությունների շարժիչներ, մշակել լուծումներ և լիարժեք մասնակցել այն որոշումների կայացմանը, որոնք ձևավորում են կենսաբազմազանության ապագան։ Կարևոր են նաև գիտությունն ու գիտելիքը։ ՅՈւՆԵՍԿՕ-ն կշարունակի աջակցել անդամ պետություններին՝ նպաստելով միջազգային համագործակցությանը «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակում, ինչպես նաև տրամադրելով քաղաքականության մշակման համար կարևորագույն տվյալներ՝ հիմնված փաստական նյութերի վրա։

Մենք նաև վճռական ենք ամրապնդելու կենսաբազմազանության և մշակութային ժառանգության միջև փոխկապակցվածությունը՝ այդ թվում Բնության և մշակույթի հարցերով առաջիկա գագաթնաժողովի շրջանակում, որը կազմակերպում ենք հայկական կողմի հետ համատեղ։

Այս գագաթնաժողովը նաև հնարավորություն է տալիս խորացնել համագործակցությունը կառավարությունների, զարգացման բանկերի, մասնավոր հատվածի և տեղական համայնքների հետ, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին է կայուն զբոսաշրջությունը։

Հաջորդ չորս տարիները ցույց կտան, թե արդյոք կհաջողվի իրացնել այս շրջանակային ծրագրի ներուժը։ Ես մնում եմ լավատես, քանի որ մենք արդեն ունենք անհրաժեշտ բազմաթիվ գործիքներ, գիտելիքներ և գործընկերային կապեր։ Այժմ մեզ մնում է դրանք վերածել կոնկրետ գործողությունների և երկարաժամկետ արդյունքների։ ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է ներգրավել իր մանդատի ամբողջ շրջանակը՝ կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում, և աշխատել բոլոր գործընկերների հետ միասին, որպեսզի արագացվեն մարդկանց և մոլորակի բարօրությանն ուղղված քայլերը»,- նշել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։

Leave a comment