«Իրար հետ բան են պայմանավորվել, որը, վստահ եմ, Թուրքմենստանում չի եղել». Թեւան Պողոսյան

«Առավոտի» զրուցակից ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը կասկածներ ունի, որ խաղաղության մասին իր վերջին հայտարարությամբ Փաշինյանը շտապել է օգնել Իլհամ Ալիեւին։

«Արդյոք Ալիևն էլ ասե՞լ է, որ համընկնում է։ Ալիևը լռում է դեռ», «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը՝ նշելով, որ կողմերը հստակեցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ իրենց պատկերացումները, և իր մոտ տպավորություն է, որ այդ մոտեցումները համընկնում են։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի առաջին առանձին՝ վերելակային հանդիպումից հետո, երբ Փաշինյանը Ալիեւից կիրթ եւ գրագետ գործչի տպավորություն էր ստացել, վճռվեց Արցախի ճակատագիրը։ Թեւան Պողոսյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ սպասել այս անգամ Փաշինյանի տպավորություններից իբրեւ արդյունք։

Թեւան Պողոսյանն այն կարծիքին է, որ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է ասում հենց Ադրբեջանի նախագահը, իսկ նա՝ տեսակետների համընկնումների մասին դեռ ոչինչ չի ասել։ Ու մինչեւ Թեւան Պողոսյանի հետ զրույցը տեղի էր ունենում, Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքը հնչեցրեց։ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 7-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս Ալիևը ասել է. «Մենք վրեժ լուծեցինք մարտադաշտում և խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին։ Մենք խաղաղություն առաջարկեցինք և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ: Այս խաղաղությունը դեռևս փխրուն է և պետք է պաշտպանվի և ամրապնդվի»։ Նա պնդել է. «Պատերազմը մեր ընտրությունը չէր. Հայաստանը մեզ ստիպեց պատերազմի։ Նրա կողմնակիցները, ըստ երևույթին, չէին սպասում, որ Ադրբեջանը ուժի միջոցով կվերականգնի իր ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը»։

Ինչեւէ, Թեւան Պողոսյանն ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի հայտարարության ժամանակագրությանը. այն հնչել է ոչ թե Ալիևի հետ Աշխաբադում կայացած հանդիպումից անմիջապես հետո, հեծանիվ քշելու ժամանակ, այլ մի քանի օր անց։ Եթե հանդիպումից անմիջապես հետո նման հայտարարություն չի արվում, դրա մասին խոսվում է մի քանի օր անց, Թեւան Պողոսյանը հնարավոր է համարում, որ այս ամենի վրա ազդեցություն է ունեցել Ադրբեջանում ներքին իրավիճակի լարումը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում ստեղծված իրավիճակի ֆոնին իշխանություններին կարող է անհրաժեշտ լինել որոշակի ժամանակ և արտաքին քաղաքական օրակարգում խաղաղության թեմայի շեշտադրում. «Տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանին ներվում է ամեն օրենքի խախտում, ռեպրեսիաները, ճնշումները, ձերբակալությունները… միգուցե Ալիևն էլ որոշել է՝ արի՛, ինչ-որ բան արա, որից հետևի խաղաղության ենք գնում… պահանջ է դրել, որ այսպիսի հայտարարություն կանես, որ միջազգային հանրությունը, որը հասկանալի է՝ մատը մտցրել է փեթակը եւ բզբզել է, որ Ադրբեջանում այդ իրավիճակը ձեւավորվի (դրանում կլինի Թուրքիայի, Իրանի կամ այլ երկրի ներազդեցություն, կարեւոր էլ չէ այս պարագայում), որպեսզի ինքը քարտ-բլանշ ստանա՝ ձերբակալելու, ճնշելու՝ պատրվակով, թե խաղաղության են գնում»։

COP 17-ից առաջ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները, ըստ մեր զրուցակցի, կարող են նաեւ Հայաստանում ներկա միջազգային դերակատարներին էլ ուղղված լինել, նաեւ՝ ներհայաստանյան կրքերը հանգստացնելուն, քանի որ երկրում տնտեսական իրավիճակը վատանում է, մանր ու միջին բիզնեսի օբյեկտներ են քանդվում՝ առկա պայմանագրերի պարագայում, մարդկանց դժգոհություններն են աճում. «Հիմա ասել են, հետո կասեն՝ դե լավ, այդպես չէր համընկնում, դու՝ սա չուզեցիր, դու՝ նա չուզեցիր…»։

Տվյալ ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հստակեցումները, որ իր եւ իր տպավորությամբ Ալիեւի հավանությանն արժանացած խաղաղության արդյունքը պետք է լինի Հայաստանը՝ ներկայիս՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով, իսկ Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից, Արցախից, նաեւ «Արեւմտյան Ադրբեջանից» պետք է հրաժարվել, Թեւան Պողոսյանը նորություն չի համարում, քանի որ Փաշինյանը դրա մասին բացահայտ արդեն երկար ժամանակ ասում է։ Թեւան Պողոսյանը նույն հարթությունում է դիտարկում անկլավների եւ էքսկլավների մասին Փաշինյանի հստակեցումները, քանի որ այս հարցի վերաբերյալ ևս նախկինում տարբեր հայտարարություններ են հնչել, այդ թվում՝ այն մասին, որ հարցը դեռ քննարկված չէ, իսկ հնարավոր լուծումները կապվելու են սահմանազատման գործընթացի հետ։

«Իրար հետ բան են պայմանավորվել, որը, վստահ եմ, Թուրքմենստանում չի եղել, դրանից հետո է եղել։ Եթե Թուրքմենստանում լիներ՝ այնտեղից ուղիղ եթերի ժամանակ կասվեր»,- կարծում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներքին իրավիճակի լարումներին, Թեւան Պողոսյանը նկատում է՝ դրանից էլ օգտվելու են բոլորը, ովքեր ունակ են Ադրբեջանից ինչ-որ բան պոկել։ Թեւան Պողոսյանը առանձնապես դրական սպասելիքներ չունի նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկայում կայանալիք հանդիպումից. «Պուտինն իր ցանկությունը տանելու է առաջ։ Հասկանալով, որ դիմացը ձմեռ է՝ տնտեսական լծակներն ավելի ուժեղ են լինելու։ Ակնկալիք չկա, բայց հստակ նկատելի է մի բան՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն էլ են բարձրաձայն հայտարարում՝ ԵՄ-ում մեզ չեն սպասում։ Իսկ դրա մասին ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն կարծես սկսել են ինչ-որ բաներ պայմանավորվել։ Աշխարհի հզորները՝ ինչպես ցանկանում, այնպես էլ անում են, այլ հարց է, թե դու ի՞նչ ունես նրանց առաջարկելու։ Դու պետք է կարողանաս քեզ այնպես դրսեւորել, որ գոյությունդ պահպանես։ Իսկ գոյություն պահպանելն իրական կյանքում է դրսեւորվում՝ տնտեսական, էներգետիկ եւ այլ կարողություններով։ Նրանց համար էական չէ, թե Հայաստանը քանի կիլոմետր քառակուսի է, կամ՝ ընդհանրապես չկա. նրանք իրենց շահերն են գերադասում՝ կլինի Պուտինը, կլինի Թրամփը։ Թե ի՞նչ կբանակցեն եւ ի՞նչ կորոշեն՝ պարզ կլինի իրենց բանակցություններից»։

Այս համատեքստում մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում ԹՐԻՓՓ-ի մասին հայաստանյան խոսակցություններին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այդ նախագծին դեմ են Իրանը եւ ՌԴ-ն. «Դե դուք գնացեք ու ԹՐԻՓՓ արեք։ ՌԴ-ն ԹՐԻՓՓ-ից իր օգուտները քաղելու հնարավորությունները դեռ չի տեսնում, Իրանն էլ իր կասկածներն ունի»։

Դիտարկմանը՝ մեզ մնում է մխիթարական համարել այն հանգամանքը, որ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի գործերն են վատ, Թևան Պողոսյանը հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանի ներքին խնդիրները չպետք է Հայաստանի համար մխիթարանքի աղբյուր դառնան, թշնամու դարդն ու ցավը մեզ չպետք է հետաքրքրեն, մեր խնդիրը պետք է լինի՝ անել ամեն ինչ, որ մեր գործերը վատ չլինեն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment