Ընտրություններից առաջ բռնի տեղահանված անձանց քաղաքացիության շնորհման ձգձգումը բացառված է․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգասյանը բացառում է, որ գերատեսչությունը շահագրգռված է ընտրություններից առաց արցախցիներին հնարավորինս քիչ նոր անձնագրեր տրամադրել։ 

«Մենք դիմումների ընթացքում չենք ֆիլտրում՝ ով է ընդդիմադիր, ով՝ իշխանական։ Կրկին շեշտում եմ՝ դիմողների մեջ ունենք զրո մերժում։ Բոլորը, ովքեր դիմել են, ստացել են քաղաքացիություն։ Բացառվում է, որ ձգձգումը պայմանավորված լինի որևէ իրավունքի իրացմանը խոչընդոտելու հետ», – փետրվարի 13-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը։

Ավելի վաղ Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ արցախցիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կշնորհվի պարզեցված ընթացակարգով։ Սակայն սոցիալական ցանցերում տեղահանվածները ահազանգում են, որ գործընթացը ոչ միայն մեկ ամսում չի ավարտվում, այլ երբեմն խախտվում է օրենքով սահմանված առավելագույն՝ 90 աշխատանքային օրվա ժամկետը։

ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ եթե նախկինում տարեկան ընդամենը 40-50 քաղաքացիության գործ էր վարվում, ապա այժմ հարթակում օրական շուրջ 200 դիմում է ստացվում բռնի տեղահանված անձանցից։

«Մինչ այս պահը ունենք զրո մերժման դեպք։ Սակայն 2025 թվականի երկրորդ կիսամյակում դիմումների թիվը կտրուկ աճել է։ Եթե նախկինում տարվա կտրվածքով 40-50 գործ էինք վարում, հիմա օրական մոտ 200 դիմում ենք ստանում։ Որևէ շեղում հանձնարարությունից չի եղել, պարզապես փորձում ենք արագացնել գործընթացը», – ասաց նա։

Նախարարը ներկայացրեց նաև տվյալներ․ 2023 թվականից մինչև 2025 թվականի փետրվարի 5-ը բռնի տեղահանված 26,099 արցախցուց 20,769-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն։ Բացի այդ, 9,715 անչափահաս քաղաքացիություն է ձեռք բերել անձնագրավորման միջոցով։

Տե՛ս նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

Արփինե Սարգսյանի խոսքով՝ կան նաև տեղահանվածներ, որոնք արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սակայն կարծում են, թե պետք է դիմեն քաղաքացիության համար։ «Վարչարարության արդյունքում պարզում ենք, որ անձը արդեն ունի քաղաքացու կարգավիճակ», – նշեց նա։

ՍիվիլՆեթը նաև հարց հնչեցրեց նրա մասին, որ կան բռնի տեղահանված անձինք, որոնք 2022-ի դեկտեմբերի շրջափակման ժամանակ Արցախում չեն գտնվել և չեն կարողացել վերադառնալ տուն։ Եվ քանի որ նրանց տվյալները բացակայում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում, նրանք չեն ընդգրկվում սոցիալական աջակցման և բնակարանային ապահովմա ծրագրերից։ 

Նախարարի խոսքով՝ այդ անձանց հասանելի չեն միայն այն սոցիալական փոքր ծրագրերը, որոնք ուղղված են տեղահանվածների առաջնային կարիքների լուծմանը, սակայն նրանք կարող են օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։

«Տեղահանվածների շտեմարանում չեն կարող գրանցվել նրանք, ովքեր տվյալ ժամանակահատվածում չեն տեղահանվել, օրինակ՝ գտնվել են Եվրոպայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բազան ներառում է նրանց, ովքեր տեղահանության արդյունքում են մուտք գործել Հայաստան։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն կարող օգտվել բնակապահովման ծրագրից։ Այն հասանելի է ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող բոլոր փախստականների համար՝ անկախ նրանից՝ ընդգրկված են տեղահանվածների բազայում, թե ոչ։ Հասանելի չեն միայն այն սոցիալական փոքր ծրագրերը, որոնք լուծում են տեղահանվածների առաջնային կարիքները», – ասաց նախարարը։

Օրեր առաջ ՍիվիլՆեթը անդրադարձել էր արցախցի Անուշ Ղավալյանի խնդրին, որը շրջափակման ընթացքում գտնվել է Հայաստանում և չի կարողացել վերադառնալ իր բնակավայր։ Այդ պատճառով պետությունը նրան չի ճանաչում սոցիալական և բնակարանային ապահովման ծրագրերի շահառու։

Հայկ Ղազարյան

The post Ընտրություններից առաջ բռնի տեղահանված անձանց քաղաքացիության շնորհման ձգձգումը բացառված է․ ՆԳ նախարար appeared first on CIVILNET.

Leave a comment