Միամտություն կլիներ ենթադրել, որ ՌԴ-ն հեշտությամբ կզիջեր դիրքերն այն տարածքներում, որոնք ռուսական կայսրության ժամանակներից կազմել են իր ազդեցության ոլորտի կարեւոր մի մասը. «Ազգ»

Տպավորությունն այն է, որ Փաշինյանի վրա Մոսկվայի դրած հույսերը այժմ տարբեր բնույթն են ստացել: Փոխելով իր ռազմավարությունը՝ Ռուսաստանը նոր ուղիներ է որոնում պահպանելու համար իր դիրքային ազդեցությունը Հարավային Կովկասում: Նոր նախաձեռնություններից եւ քաղաքական քայլերից մեկը ամբողջ սեւծովյան ափի երկայնքով Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը միացնող երկաթուղու գործադրումն ու ճանապարհի շինարարությունն էր: Ծրագիրը, որն ըստ մոսկովյան լուրերի, ստացել է «Պուտինի ուղի» անվանումը, մասնագիտական շրջանակների հանրային ընդարձակ քննարկումների թեման է դարձել:

Եթե Երեւանը մերժի ճանապարհային այս առաջարկը, կնշանակի, որ «խաղաղության խաչմերուկը» ծառայում է կամ ծառայելու է սոսկ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի անմիջական հարեւանների հետ, միաժամանակ նպաստելով, որ Արեւմուտքն իր ազդեցությունն ունենա Հայաստանում` հակակշռելու համար ռուսական ազդեցությանը: Իսկ եթե Երեւանը ընդունի առաջարկը, Մոսկվան հնարավորություն կունենա ուժեղացնելու իր քաղաքական ընդգրկվածությունը Հարավային Կովկասում` հիմք ընդունելով տնտեսական այդ նախաձեռնությունը, ճիշտ այնպես, ինչպես TRIPP-ը` «միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին»:

Առաջարկը մանրամասնորեն հաշվարկված քայլ է, որը կարող է շատ հարցերի պատասխանը տալ: Չի կարելի բացառել, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկեն այս հարցը իրենց հաջորդ հանդիպման ժամանակ: Հարավային Կովկասում իր դիրքերը թուլացած Ռուսաստանի համար ամեն հնարավոր միջոց պետք է օգտագործել, պահպանելու համար ազդեցության իր ավանդական ներկայությունը, միաժամանակ հակակշռելով թուրքական եւ ամերիկյան ազդեցությունների խորացմանը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, իշխանությունները դիմագրավելու են դժվարին մի ընտրություն: Արեւմուտքի, հատկապես Եվրոմիության հետ հարաբերությունների տրամաբանությունը միտված է Մոսկվային դուրս թողնելու Հարավային Կովկասից: Բացի այդ, առնվազն պաշտոնական հայտարարությունների եւ հռետորաբանության մակարդակով, Երեւանը նպաստում է տեղի ունեցող լարվածությունների խորացմանը:

«Պուտինի ուղին» անշուշտ դեռեւս նախնական նախաձեռնություն է եւ շատ վաղ է որեւէ վճռորոշ եզրակացություն կատարել դրա շուրջ: Այդուհանդերձ, Մոսկվան հավանաբար ավելի ակտիվորեն կհետապնդի այդ գաղափարը, առնվազն, գուցե, որպես Հայաստանի վրա ճնշումը սաստկացնելու միջոց: Եթե Երեւանը մերժի առաջարկը, Մոսկվան լուրջ եզրակացությունների հիման վրա կոնկրետ քայլերի կդիմի:

Մի բան պարզ է: Ռուսաստանը, ճիշտ է, գուցե կորցրել է իր ազդեցության ոլորտները ամենատարբեր երկրներում եւ տարածաշրջաններում, սակայն դա չի նշանակում, որ Մոսկվան մինչեւ վերջին հնարավոր պահը չի պայքարելու պահպանելու եւ ուժեղացնելու համար իր դիրքերը: Միամտություն կլիներ ենթադրել, որ Ռուսաստանը կամ որեւէ այլ պետություն հեշտությամբ կզիջեր իր դիրքերը այն տարածքներում, որոնք ռուսական կայսրության ժամանակներից կազմել են իր ազդեցության ոլորտի կարեւոր մի մասը:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment