Վելայաթին քննադատել է Ադրբեջանին Իսրայելի նախագահի ընդունելության համար

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները իսլամական աշխարհին ազդանշան են հղել կրոնական արժեքների պահպանման և Իսրայելի հետ հարաբերությունների միջև առկա հակասության մասին, հաղորդում է Iranist-ը։

«Իսլամական աշխարհը Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից ամենահստակ ազդանշանը լսեց»,- հայտարարել է Վելայաթին։

Նա համեմատել է Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթին՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովում։

Վելայաթին նշել է, որ թուրքական պատվիրակությունը Հերցոգի ելույթի ժամանակ լքել է դահլիճը, մինչդեռ Բաքվում Իսրայելի նախագահին ջերմ են ընդունել։

Վելայաթին անդրադարձել է նաև հիջաբով աշակերտուհու հետ կապված իրավիճակին, որին արգելել են մտնել դպրոց։ Նա կասկածի տակ է դրել՝ արդյոք նման պայմաններում հնարավոր կլինի ապագայում անցկացնել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովը։

«Իսլամական աշխարհը Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից ամենահստակ ազդանշանը լսեց․ «Հավատի պահպանո՞ւմ, թե՞ բարեկամություն Թել Ավիվի հետ»»,- ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

NEWS.am

Leave a comment