Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձում է ժխտել այն, որ Աուգուստ Հաննինգի հետ սերտ կապեր է ունեցել, նրա ծառայություններից օգտվել, գերմանական լրատվամիջոցները նոր փաստեր են հաղորդում դրա վերաբերյալ: Գերմանական լրատվամիջոցները Ադրբեջանի հետ կապը հենց վերնագրում են ընդգծում, ուրեմն ի՞նչ արժեք ունի Բաքվի ժխտումը, բողոքը:
«Հաննինգի Բաքվի հետ կապերը» վերնագիրն է ընտրել Correctiv-ը, t-online լրատվական պորտալը՝ «Ադրբեջանի ազդեցությունը Գերմանիայում», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»՝ «Ի՞նչ է նշանակում Ալիեւին ծառայություն մատուցել», «Աուգսբուրգեր ալգեմայնեն»՝ «Հետախուզության նախկին ղեկավար Հաննինգը դավաճանե՞ց իր երկրին՝ Կովկասից ստացված փողի դիմաց», «Թագեսշպիգելը»՝ «Դաշնային հետախուզության ծառայության նախկին ղեկավար Հաննինգը ձերբակալվել է. առերեւույթ կապի մեջ է եղել ադրբեջանցի գործակալի հետ» եւ այլն:
«Նորդկուրիերը» հոկտեմբերի 10-ին գրում է՝ «Հաննինգը Բաքու տանող ճանապարհները գիտեր ավելի վաղ, քան գերմանացի հետաքննողները սկսեցին հետաքրքրվել Ադրբեջանի հետ նրա կապերով: Որպես հետախուզական դաշնային ծառայության ղեկավար, ապա ավելի ուշ որպես ՆԳ պետքարտուղար, բնական է, որ Հաննինգը կապ է ունեցել Ադրբեջանի անվտանգության աշխատակիցների, նախարարների հետ: «Թոշակի անցնելուց հետո, Հաննինգը պահպանեց մի արժույթ, որ հատկապես արժեքավոր է միջազգային գործարքների համար՝ հասցեների իր գիրքը», ընդգծում է «Նորդկուրիերը»՝ նկարագրելով Օտտո Հաուզերի հետ նրա կապը: Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ Հաուզերը Հելմուտ Քոլի մամուլի խոսնակն էր եղել: Քաղաքական հարուստ փորձառությամբ հաղթանդամ Հաուզերը 2006-ին ստանձնեց Գերմանա ադրբեջանական ֆորումի նախագահի պաշտոնը, իսկ 2010-ին դարձավ Ադրբեջանի պատվո հյուպատոսը Գերմանիայում: Հաուզերը զարգացրեց նավթով եւ գազով հարուստ երկրի հետ ԳԴՀ հարաբերությունները: Գերմանա ադրբեջանական ֆորումը տարիների հետ վերաճել էր, դարձել քաղաքական եւ տնտեսական լոբբիստական ցանց, եւ նկատելի էր՝ ձգում էր գերմանացի քաղաքական գործիչներին, կառավարության պաշտոնաթող անդամներին, պատգամավորներին, գործարարներին: Բեռլինում Ադրբեջանի նախկին դեսպան Փարվիզ Շահբազովն էլ ֆորումում պաշտոն ուներ եւ ներկա էր լինում հավաքներին:
…Գերմանական լրատվամիջոցները, նաեւ «Նորդկուրիերը» Հաննինգի մասին հոդվածներում անդրադառնում են Ադրբեջանին, նախագահ Ալիեւի ստեղծած կաշառատու համակարգին, նկատել տալիս, թե որքան կարեւոր է հետախուզական տվյալներով սնել մի պետության, որի կառավարությունը հետապնդում է քաղաքական գործիչներին, ճնշում լրատվամիջոցներին: Հետախուզական գործակալություններին էլ հետաքրքրում են ցանցերը՝ ո՞վ ում հետ է խոսում, ո՞վ ունի մուտք՝ դեպի կառավարություն, ո՞վ է ազդում որոշումների կայացմանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: