«Եթե Ադրբեջանն Արծվաշենի ու Հայաստանի մեջտեղում գտնվող այդ 5 կմ-անոց հատվածը տրամադրի մեզ, հեքիաթային լուծում կլինի։ Բայց դա ուղղակի երազանք է, չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը՝ անդրադառնալով Արծվաշենը տեղաշարժելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այսպես կոչված «անկլավների» հարցին, Փաշինյանը կրկնել էր իր նախորդ միտքը․ «Հայաստանը եւ Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, այսինքն՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ եւ էքսկլավներ չլինեն»։
Փաշինյանը նաեւ ասել էր, որ Արծվաշեն գյուղը գուցե կտեղաշարժեն։ «Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չէ, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք։ Բայց, օրինակ, կարա լինի հետեւյալը՝ Արծվաշեն գյուղն այստեղ է, Արծվաշենի եւ Հայաստանի արանքում տարածք կա, որն Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ այս Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է, այսինքն՝ մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, մի քիչ ուղիղ տանելով, բերվում մոտեցվում է։ Գաղափարն այն է, որ գյուղը չենք փակելու, ընդհակառակը, գյուղը վերստեղծում ենք, որ իր եւ Հայաստանի արանքում չմնա տարածք։ Խոսքը բնակավայրը տեղափոխելու եւ այնպես տեղադրելու մասին է, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի»,- ասել էր նա։
Մամիկոն Խեչոյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հնարավոր տեղափոխել Արծվաշենը։ «Դա շատ տարիներ առաջ մեր պապերը պետք է անեին։ Արծվաշենում 1959 թվականին եղել է մոտավորապես 4600 մարդ, այնտեղից տեղափոխվել են, Վահան գյուղն է առաջացել, Գետիկ գյուղն է առաջացել։ Իրականում Վահանի սահմանից, այսինքն՝ Հայաստանի սահմանից մինչեւ Արծվաշեն 5-6 կմ է։ Ճամբարակից դեպի Արծվաշեն ճանապարհը կազմում է 25 կմ։ Եթե այդ ժողովրդին բնակեցնեին ոչ թե Վահանում, այլ Գետիկում, Վահանի ու Արծվաշենի միջեւ ընկած այդ տարածքում, այն ժամանակ այդ անկլավը չէր առաջանա, եւ Արծվաշենը միացած կլիներ Հայաստանին։ Ենթադրենք մենք Ադրբեջանին կից այնտեղ ունենք 100-200 հեկտար տարածք, հեքիաթային լուծում կլինի, եթե դա Ադրբեջանը վերցնի եւ Արծվաշենի ու Հայաստանի մեջտեղում գտնվող այդ 5 կմ հատվածը տրամադրի մեզ։ Դա իսկականից նոր գյուղի ստեղծում կլինի, գերազանց բան կլինի։ Եթե Արծվաշենը կապ ունենա Հայաստանի հետ, ոչ մի խնդիր չի լինի, դա ժամանակաին մեր պապերի երազանքն էր։ Բայց դա ուղղակի երազանք է, չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի»,- ասաց Մամիկոն Խեչոյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո թշնամությունը երկար ժամանակ մնում է, հատկապես թե հաշվի առնենք, որ մեր թշնամին թուրքն է։ «Լավ, ասենք թե չակերտավոր խաղաղություն է, բայց բարեկամություն չկա, թշնամությունը ժամանակավոր մարում է, հետո նորից գլուխ է բարձրացնում»,- նշեց նա։
Հարցին՝ կա՞ մտավախություն, որ Ադրբեջանը կարող է վերցնել Տիգրանաշենն ու մյուս տարածքները, որոնք «անկլավ» են անվանում, բայց Արծվաշենի հարցով չգնալ լուծումների, Խեչոյանը պատասխանեց․ «Ադրբեջանցիները կարծում են, որ հաղթած են, հաղթողը կփորձի իր կամքը թելադրել։ Այստեղ արդեն հարցն այն է, թե մյուս կողմն ինչ ռեսուրս ունի դրան դիմադրելու։ Դիմադրելու ռեսուրսն այն է, որ անկախ պետություններ են, այնպես չէ, որ Ադրբեջանն ինչ ցանկանա, կարող է անել, օրինակ, Իրանն է հայտարարել կարմիր գծեր ունենալու մասին»։
Հարցին, թե այս կարգավիճակով արծավշենցիները կգնա՞ն ապրելու Արծվաշենում, Մամիկոն Խեչոյանը պատասխանեց․ «Այստեղ խնդիրն անվտանգության ապահովումն է։ Եթե ունենում ես պետություն, որը կարողանում է երաշխավորել անվտանգությունն այն բնակավայրում, որը հայկական հող է եւ որտեղ պետք է ապրես, ինչ տարբերություն, սահման է, էլի, սահմանային մյուս գյուղերում ոնց են ապրում»։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Տիգրանաշեն գյուղի հնարավոր հանձնմանը՝ Մամիկոն Խեչոյանն ասաց․ «Եթե Երեւանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքը Հայաստանի մյուս հատվածի հետ կապող տարածքը հանձնվի, դա նույն է, որ մարդու գլուխն ու մարմիննը կապող վզի զարկերակի վրա թրոմբ դնեն ու ասեն՝ մարմինդ պիտի ապրի։ Իհարկե, այդպես չի լինի, Հայաստանը կամաց-կամաց կմասնատվի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: