Չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլներ են փոխանակվել՝ նրանց ինքնությունը պարզելու նպատակով, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)՝ անդրադառնալով անհայտ կորածներին առնչվող ԴՆԹ տվյալներն առանց նրանց ծնողների իմացության Ադրբեջանին փոխանցելու մասին պնդումներին։ ԱԱԾ-ից հստակեցրել են, որ փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության արդյունքում։
«Համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլներ: Մինչև փոխանակումը նշված պրոֆիլները համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ գտնվող ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել: Անհայտ կորած անձանց ծնողների ԴՆԹ պրոֆիլներ չեն փոխանակվել»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։ Armenia Today-ն հարցման հիմքում հոկտեմբերի 8-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հայտարարությունն էր․ անհայտ կորածների ծնողները Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը պատգամավորներին հայտնել էին, որ Հայաստանից ԴՆԹ տվյալներ են փոխանցվել ադրբեջանական կողմին՝ առանց իրենց իմացության։
Հարցման համար հիմք էր դարձել նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի՝ հոկտեմբերի 7-ի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանին էր փոխանցել 50 անհայտ կորած հայի ԴՆԹ տվյալ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Նաղիևին, հայտնել էին, որ հունվարին Հայաստանից ստացված 50 անհայտ կորած հայի ԴՆԹ տվյալները չեն համընկել ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնաբերված աճյունների ԴՆԹ տվյալների հետ։ Նաղիևը նաև առաջարկել էր լրացուցիչ ԴՆԹ նմուշներ տրամադրել։ ԱԱԾ-ի պատասխանում չի նշվում, թե արդյոք խոսքը Նաղիևի հիշատակած 50 տվյալի մասին է։ Ինչ վերաբերում է առանց ծնողների իմացության տվյալներ փոխանցելուն, ԱԱԾ-ից պարզաբանել են, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցությունն իրականացվում է միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունների շրջանակում և ուղղված է անհայտ կորածների ճակատագրերի պարզմանը։
Գերատեսչությունը հղում է արել 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին կից առաջին լրացուցիչ արձանագրության 32-րդ հոդվածին, ըստ որի՝ կողմերն առաջնորդվում են ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագիրն իմանալու իրավունքով։ Նույն արձանագրության 33-րդ հոդվածը սահմանում է կողմերի պարտավորությունը՝ որոնելու մյուս կողմի տեղեկացմամբ անհայտ կորած անձանց և փոխանցելու այդ որոնմանը նպաստող տեղեկությունները։ Armenia Today-ը թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել նաև Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից, հղում անելով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացրած տվյալներին, հայտնել էին, որ կենտրոնն ադրբեջանական կողմին չի տրամադրել անհայտ կորած անձանց ծնողների կամ այլ հարազատների ԴՆԹ տվյալներ։ Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հոկտեմբերին Armenia Today-ին տրամադրած տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, նրանցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։ ՔԿ-ից 2024 թվականին Armenia Today-ին հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է համարվում 1016 մարդ։