Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի հետ գործակցության նոր ուղղություններ մշակել, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը:
«Հաշվի առնելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը՝ Հայաստանի համար փոխվել են ԵԱՀԿ-ի հետ կապված նախկին ընկալումները և այս կառույցից ակնկալիքները։ Մտածում ենք՝ ինչպես ԵԱՀԿ-ի հետ զարգացնել գործակցության նոր ուղղություններ։ Պարոն Կասիսին ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և երկրների միջև ձևավորվող գործակցության վերաբերյալ վերջին զարգացումները։ Մտքեր ենք փոխանակել նաև ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակում գործակցության ընդլայնման վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում COP17-ի պաշտոնական բացման նախօրեին»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Միրզոյանը կարևորել է Շվեյցարիայի կողմից Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը։ Նախարարն առանձնացրել է անտառային տարածքների վերականգնման, կլիմայական փոփոխությունների հետ կապված մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման ուղղությամբ իրականացվող գործընթացները, որոնց Շվեյցարիան շարունակում է աջակցել։