Անկլավ-էքսկլավների շուրջ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Ազատությունը»:
«Ես զգում եմ, որ ըմբռնումն այդպիսին է: Խոսքն, այո, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղ կա և Ասկիպարա գյուղը, այսինքն այդ միավորների ու Արծվաշենի մասին է:
Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց, սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չէ, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արշվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարվում է այնքան, որ բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով, բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ նույնն էլ լինելու է հակառակ կողմից՝ նշելով, որ այդ սցենարները նորություն չեն, որ քննարկվել են, դա քննարկվող սցենարներից մեկն է:
«Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու և այդպես շարունակ:
Տեխնիկապես և իրավական առումով դա ի՞նչ ձևակերպում կստանա: Նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե՞, թե ոչ, իրավաբանական վերլուծության հարց է: Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք», – ընդգծել է վարչապետը:
Հոկտեմբերի 14-ին Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:
«Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», – նշել էր Փաշինյանը: