Ի՞նչ է, ինչպիսի՞ տեսք է ունենալու Հայաստանում սպասվող COP17-ը, ո՞ր երկրներն են հրավիրված

Ի՞նչ է, ինչպիսի՞ տեսք է ունենալու Հայաստանում սպասվող COP17-ը, ո՞ր երկրներն են հրավիրված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում հոկտեմբերի 19–ից կմեկնարկի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17-ը), որը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը:

Այս օրերին Երևանում կազմակերպվող նիստերին ու միջոցառումներին կմասնակցեն աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Սպասվում է, որ Հայաստան կժամանի շուրջ 15 հազար մարդ:

Ինչպիսի՞ տեսք է ունենալու COP17-ը:

Ընդգծենք, որ համաժողովին հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլ նաև ՄԱԿ-ը, որի շրջանակներում հրավիրվելու են Կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրները:

Համաժողովը բաժանված է լինելու երկու հարթակների՝ կապույտ և կանաչ գոտիների:

Կապույտ գոտին լինելու է համաժողովի պաշտոնական բանակցային հարթակը, որը նախատեսված է հավատարմագրված պետական պատվիրակությունների, միջկառավարական կազմակերպությունների, հավատարմագրված դիտորդների, տեխնիկական փորձագետների և համապատասխան հավատարմագրում ունեցող մեդիա-ներկայացուցիչների համար։

Այս հարթակը, որը տեղակայված կլինի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, կանցկացվեն լիագումար նիստեր և կոնտակտային խմբերի հանդիպումներ, բարձր մակարդակի քննարկումներ և նախարարական հանդիպումներ, թեմատիկ կլոր սեղաններ ու ճեպազրույցներ։ Այստեղ նաև կքննարկվեն որոշումների նախագծեր:

Այս հարթակ մուտքը հնարավոր կլինի միայն հավատարմագրման հիման վրա:

Կանաչ գոտին էլ նախատեսված է հասարակության լայն շրջանակների՝ երիտասարդների, հասարակական կազմակերպությունների, գիտական և ակադեմիական համայնքի, արվեստագետների, նորարարների, մեդիա-ներկայացուցիչների և բոլոր հետաքրքրված քաղաքացիների համար։

Այստեղ նախատեսվում են կազմակերպել ցուցահանդեսներ, նորարարական նախագծերի և տեխնոլոգիաների ներկայացումներ, ինտերակտիվ և ներգրավող ինստալյացիաներ, համայնքային քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ և մշակութային ծրագրեր։

Կանաչ գոտին տեղակայված կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մուտքը լինելու է ազատ:

Ըստ COP17-ի պաշտոնական կայքէջի՝ Հայաստանում կազմակերպվող միջոցառումը կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային գործողությունների կարևոր փուլ է։

Այդ քայլերի ռազմավարությունը սահմանվել է Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կողմից:

«COP17 Հայաստանի շրջանակներում ռազմավարությունը դառնում է արդյունք, նպատակները գնահատվում են իրականացված աշխատանքների համատեքստում, իսկ միջազգային հանրությունը քննարկում է մինչև 2030 թվականն առաջընթացի արագացմանն ուղղված հետագա քայլերը»,-ասվում է հրապարակման մեջ։

Ովքե՞ր են մասնակցելու համաժողովին:

ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ COP17-ին կմասնակցի նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Փոխարտգործնախարարի խոսքերով երկրների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար գրանցված է 50-ից ավել բարձր մակարդակի մասնակցություն:

«Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա մոտեցումները, ձեռնպահ կմնամ կոնկրետ երկրների անուններ նշելուց, քանի որ ընդունված պրակտիկայի համաձայն՝ տվյալ երկրներն են սովորաբար ներկայացնում իրենց մասնակցության վերաբերյալ տվյալները»,-ասել է Աբիսողոմոնյանը:

Սպասվող համաժողովին նախորդող այս օրերին մամուլում հաճախ շրջանառվող հարց է նաև, թե արդյոք Հայաստան կժամանեն Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:

Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ թուրքական կողմը ներկայացված է լինելու նախարարական մակարդակով, իսկ Ադրբեջանից դեռևս հաստատում չկա:

Ինչպե՞ս է ձևավորվել և ի՞նչ է Կենսաբազմազանության մասին կոնվենցիան:

Ընդգծենք, որ դեռ 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Երկրի գագաթնաժողովում մասնակից պետությունների ղեկավարները համաձայնության եկան «կայուն զարգացման» համապարփակ ռազմավարության շուրջ: Այն ենթադրում է մարդու կարիքների բավարարում՝ միաժամանակ ապագա սերունդների համար ապահովելով առողջ և կենսունակ աշխարհի ժառանգությունը։

Ռիոյում ընդունված առանցքային համաձայնագրերից մեկը Կենսաբազմազանության մասին կոնվենցիան էր։ Աշխարհի կառավարությունների ճնշող մեծամասնության միջև կնքված այս համաձայնագիրը պարտավորություններ է սահմանում՝ ուղղված աշխարհի էկոլոգիական հիմքերի պահպանմանը՝ տնտեսական զարգացման գործընթացին զուգընթաց։

Կոնվենցիան սահմանում է երեք հիմնական նպատակ՝ կենսաբազմազանության պահպանում, դրա բաղադրիչների կայուն օգտագործում, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացված օգուտների արդար և հավասար բաշխում։

Ի՞նչ կարող է համաժողովը տալ Հայաստանին:

Ըստ COP17-ի պաշտոնական կայքի նման միջոցառման կազմակերպումը Հայաստանին դնում է կենսաբազմազանության շուրջ համաշխարհային քննարկումների կենտրոնում։

«Զբաղեցնելով Կովկասի տարածքի ընդամենը 6.7%-ը՝ Հայաստանն իր տարածքում ընդգրկում է տարածաշրջանի կենսաբազմազանության շուրջ 60%-ը և առանձնանում բազմազան էկոհամակարգերով և բուսական ու կենդանական աշխարհի հազարավոր տեսակներով»,-ասվում է հրապարակման մեջ։

Այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ նման միջոցառման կազմակերպումը աշխարհում բարձրացնում է Հայաստանի ճանաչողության մակարդակը: Նա ընդգծեց, որ սա Հայաստանի համար նախադեպը չունեցող միջոցառում է, և որ անգամ COP 17-ի կազմակերպելուց հետո էլ զբոսաշրջային հոսքերը շարունակվելու են:

Վարչապետի խոսքով՝ բացի վերոնշյալ առավելություններից այն կարևոր ներդրում է Հայաստանի զարգացման գործում, քանի որ տասնյակ հազարավոր փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ընկերությունների համար գումար վաստակելու հնարավորություններ են ստեղծվում:  

 

 

 

 

Leave a comment