Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Քաղաքականություն

15.10.2026 | 15:19

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  վաղը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Հարգարժան նախագահի կարճատև այցը Երևան, որը տեղի կունենա ուրբաթ, նախատեսված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նախատեսվում է նաև գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ անցկացնել մասնակից մի շարք երկրների ղեկավարների հետ՝ քննարկումներ և մտքերի փոխանակում իրականացնելու համար»,- ասել է նա։

Բաղային նշել է, որ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1992 թվականին, ներկայում ունի 196 անդամ, և ԱՄՆ-ից բացի՝ բոլոր երկրներն անդամակցում են այս փաստաթղթին։ Իրանը պայմանագրի սկզբնական ստորագրողներից է և 1996 թվականին դարձել է դրա լիիրավ անդամ, հավելել է ԱԳՆ պաշտոնյան։

Անդրադառնալով Իրանի և տարածաշրջանի շրջակա միջավայրին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում, ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի ընթացքում հասցված վնասներին, Բաղային ընդգծել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի յուրաքանչյուր հնարավորություն՝ շրջակա միջավայրի դեմ կատարված հանցագործությունները փաստագրելու և դրանց մասին տեղեկացնելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment