Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ անկլավների ու էքսկլավների հնարավոր փոխանակմանը, Արծվաշենի վերստեղծման մոդելին, ինչպես նաև ռուսական կողմի հետ երկաթուղային ներդրումների շուրջ քննարկումներին։

Վարչապետը նշեց, որ անկլավ-էքսկլավների հարցով դեռևս որևէ դե յուրե պայմանավորվածություն չկա, սակայն կա քաղաքական ըմբռնում, որ սահմանազատումից հետո սահմանի երկու կողմերում անկլավներ չպետք է լինեն։ Խոսքը վերաբերում է Տիգրանաշենին (Քյարքի), Բարխուդարլուին, Սոֆլուին, Վերին Ոսկեպարին (Ասկիպարա) և Արծվաշենին։

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Արծվաշենի մասով քաղաքական լուծման հետևյալ գաղափարը․ «Արծվաշեն բնակավայրը մենք չենք փակելու, ընդհակառակը՝ վերստեղծելու ենք։ Գաղափարներից մեկն այն է, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է, այսինքն՝ բերվում, մոտեցվում է՝ մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ, որպեսզի իր և Հայաստանի արանքում Ադրբեջանի տարածք չմնա, և քաղաքացին ստիպված չլինի մի քանի սահման անցնել իր տուն գնալու համար»։

Նա ընդգծեց, որ սրանք դեռևս ընդհանուր քաղաքական գաղափարներ են, իսկ իրավական ձևակերպումները (օրինակ՝ հանրաքվեի անհրաժեշտությունը) կախված կլինեն հետագա մասնագիտական ու իրավաբանական վերլուծություններից։

Անդրադառնալով երկաթուղու վերազինմանը՝ վարչապետը մատնանշեց, որ եթե ռուսական կողմը պնդում է, որ պատժամիջոցները խոչընդոտ չեն և երկաթուղին կլինի պահանջված, ապա պետք է իրականացնի խոստացված խոշոր ներդրումները։

«Եթե Ռուսաստանը բերում է, օրինակ, 3 միլիարդ դոլար դնում է, նշանակում է՝ ինքը համոզված է, որ միջազգային ընկերություններն ու սուբյեկտները կօգտվեն երկաթուղուց, և այդ գումարները հետ են գնվելու։ Սա շատ կոնկրետ թեստ է․ եթե փողը դրվում է, նշանակում է՝ մեր մտավախությունները սխալ էին, իսկ եթե չի դրվում, նշանակում է՝ մենք ճիշտ ենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment