«Ուժեղ Հայաստանից» ո՞վ ունի գաղտնիության թույլտվություն. պարզաբանում են խմբակցությունից

Բաժանորդագրվել

ԶԼՄ-ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստանը» քաղաքական որոշում ունի` հրաժարվել գաղտնիության թույլտվությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները գաղտնիության թույլտվություն ստացել և ստանալու են` ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց խմբակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։

ԶԼՄ–ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել` հրաժարվել գաղտնիության «դոստուպից»։ Խոսքը պատգամավորների պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։

«Այն պատգամավորները, որոնց աշխատանքային առօրյայում այն անհրաժեշտ է, արդեն ստացել են գաղտնիության համապատասխան թույլտվությունը: Այս պահին միայն Վաղինակ Վարդանովն է, որ ունի թույլտվություն, որովհետև նա պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն է»,– նշեց Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ մամուլը գրում էր նաև, որ խմբակցությունը նման որոշում է կայացրել, որպեսզի թիմը իշխանության թիրախում չհայտնվի և «գործ չսարքեն որևէ մեկի գլխին»` պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար։

Ի դեպ, նմանատիպ դեպք գրանցվել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ կապված. Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ, Մանուկյանը՝ պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

Leave a comment