2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ գիտնականների բաց նամակը կոնկրետ հարց է բարձրացնում․ ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում հասնել գիտության զարգացման իր իսկ սահմանած նպատակներին, եթե գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը չի ավելանում, իսկ ոլորտի ընդհանուր ֆինանսավորումը նույնիսկ չի հասնում 2025 թվականի մակարդակին։
Սակայն կառավարության այսօրվա նիստում Փաշինյանին, ըստ էության, ավելի շատ զայրացրել է ոչ թե այդ հարցը, այլ այն, որ գիտնականները համարձակվել են այն բարձրաձայնել։
«Չեմ կարդում ձեր նամակները, սիրելի նամակագիրներ, չեմ նկատում ձեր նամակները, թեման նայում եմ, միանգամից ջնջում եմ, այնպես որ տեղյակ եղեք»,- հայտարարել է երկրի ղեկավարը՝ դժգոհելով, որ տարիներ շարունակ, իր գնահատմամբ, գիտության ֆինանսավորման ավելացման մասին լռել են, իսկ հիմա քննադատում են։
«Այն մարդիկ, որ այս ֆինանսավորման, եռապատկման ընթացքում մի հատ մի տող չեն գրել, մի հատ նամակ չեն գրել, մի բառ չեն ասել, ես այդ բոլոր նամակները իգնոր եմ անելու, չնայած հիմա այս օրերին տասնյակներով այդ թեմայով նամակներ եմ ստանում»,-սրտնեղել է երկրի ղեկավարը։
Բայց ի՞նչ կապ ունի գիտության ֆինանսավորման նախկին աճը 2027 թվականի բյուջեի վերաբերյալ բարձրացված հարցերի հետ։ Եթե 2018 թվականից ֆինանսավորումն իսկապես եռապատկվել է, ինչպես պնդում է Փաշինյանը, դա դեռ չի նշանակում, որ ներկայիս հատկացումները բավարար են ոլորտի զարգացման համար։ Իսկ Իշխանության ձեռքբերումները թվարկելը չի նշանակում, որ դրա որոշումները քննադատության ենթակա չեն, գիտության ֆինանսավորումն ավելացնելն էլ գիտնականներին լռեցնելու արտոնագիր չէ։
Ուշագրավ է, որ Փաշինյանը խոսում է գիտնականների նախկին լռության մասին՝ փաստացի փորձելով նրանց այսօրվա քննադատությունը ներկայացնել որպես անարդարություն։ Մինչդեռ պետական բյուջեն ոչ թե իշխանության բարեհաճության դրսևորում է, այլ հանրային միջոցների բաշխման փաստաթուղթ, որի յուրաքանչյուր որոշում կարող է և պետք է քննարկվի։
Ավելին՝ եթե կառավարությունը վստահ է իր հաշվարկների ճշտության մեջ, ապա ինչո՞ւ չպատասխանել գիտնականների բարձրացրած հարցերին՝ թվերով, փաստերով և հստակ հիմնավորումներով։ Մեծ հաշվով՝ գիտնականները պարտավոր չեն նախ շնորհակալություն հայտնել իշխանությանը, որպեսզի հետո իրավունք ունենան քննադատելու նրան։
Գիտության ապագան չի որոշվում վարչապետի նամակագրական նախասիրություններով։ Այն որոշվում է ֆինանսավորմամբ, հետազոտությունների հնարավորություններով և պետական ռազմավարության իրականացման արդյունքներով։ Ու երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է ոչ թե փաստարկներով, այլ քննադատողներին լռության կոչ անելով, հարցն արդեն միայն բյուջեն չէ։
Հերմինե Զեյնալյան