ՄԱԼԻԲՈՒ, Կալիֆոռնիա — 14 հոկտեմբերի, 2026 թ. — 2026 թվականի հոկտեմբերի 10-ին Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում կայացած կիսամյակային հանդիպման ընթացքում Հայ իրավաբանական միությունն իր հեղինակավոր՝ Հրանտ Դինքի անվան ազատության մրցանակը շնորհել է դոկտոր Էդիտա Գզոյանին։ Միությունն այս բարձրագույն պարգևով գնահատանքի է արժանացրել դոկտոր Գզոյանի բացառիկ խիզախությունն ու համոզվածությունը հիմնարար մարդու իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ իրականացված այլ անարդարությունների մասին պատմական ճշմարտության պահպանման, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության և մտավոր անկախության պաշտպանության գործում՝ անգամ քաղաքական ճնշումների պայմաններում։
Մրցանակը, որը կրում է 2007 թվականին սպանված հայ լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքի անունը, շնորհվում է այն անձանց, որոնց գործունեությունը մարմնավորում է իշխանության առջև ճշմարտությունը բարձրաձայնելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու և արդարությանը նպաստելու խիզախությունը։ Դինքը գիտակցում էր, որ պատմական ժխտման դեմ պայքարն ու ճշմարտության պահպանումը բարոյական պարտականություններ են, որոնք էական նշանակություն ունեն արդարության և հաշտեցման համար։ Դոկտոր Գզոյանի գիտական և հանրային գործունեությունն արտացոլում է նույն նվիրվածությունը։
Էդիտա Գզոյանը պատմաբան է և իրավագետ, որի աշխատանքը կենտրոնացած է Հայոց ցեղասպանության, այն վերապրածների և փախստականների փորձառությունների, միջազգային իրավունքի, զանգվածային բռնություններին մարդասիրական արձագանքի և պատմական վկայությունների պահպանման վրա։
Նա կարևոր գիտական աշխատություններ է հեղինակել, բազմաթիվ հրապարակումներ ունի, դասավանդել և ուղղորդել է այլ հետազոտողների, ինչպես նաև երկար տարիներ աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ)։ Հետազոտողից հասնելով մինչև գիտական գծով փոխտնօրենի պաշտոնին՝ 2024 թվականին նա դարձել է ինստիտուտի տնօրեն՝ աշխատելով ամրապնդել կառույցի միջազգային գիտական հեղինակությունը և զարգացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խիստ գիտական չափանիշներին համապատասխանող, փաստերի վրա հիմնված հետազոտությունները։
Դոկտոր Գզոյանին Հրանտ Դինքի անվան ազատության մրցանակ շնորհելու որոշումն արտացոլում է նրա անսասան նվիրվածությունը Հայոց ցեղասպանության պատմական վկայությունների պահպանման և հայերի դեմ հետագա բռնությունների փաստագրման հարցում։ Դրանց թվում են 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ և Բաքու քաղաքներում հայերի դեմ իրականացված ջարդերը, 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը։ Գզոյանի աշխատանքը նպաստել է, որ հայ վերապրածների, փախստականների և հալածանքների զոհերի անմիջական փորձառությունները պահպանվեն գիտական հետազոտությունների և ապագա սերունդների համար։
Այդ նվիրվածությունը դրսևորվել է 2026 թվականի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի՝ Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի ժամանակ։ Այցի ընթացքում Էդիտա Գզոյանը նրանց նվիրել է Հայոց ցեղասպանության և Անդրկովկասում հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին գրքեր՝ հավատարիմ մնալով ինստիտուտի՝ բարձրաստիճան այցելուներին գիտական աշխատություններ տրամադրելու ավանդույթին։ Նա նաև անդրադարձել է Արցախի պատմությանը և ուշադրություն հրավիրել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների վրա։ Նրա վճռականությունը՝ թույլ չտալու, որ պատմական այս իրողություններն անտեսվեն, ակնառու կերպով մարմնավորում է այն մտավոր անկախությունն ու բարոյական խիզախությունը, որոնց գնահատմանն է կոչված Հրանտ Դինքի անվան ազատության մրցանակը։
Այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դոկտոր Գզոյանին առաջարկել է հրաժարական տալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Նրա հեռանալը մտահոգություն է առաջացրել գիտնականների, իրավապաշտպան կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում՝ առաջ բերելով ակադեմիական ազատության և պատմական վկայությունների պահպանման ու մեկնաբանման համար պատասխանատու հաստատությունների անկախության վերաբերյալ ավելի լայն հարցեր։
Դոկտոր Գզոյանին մեծարելով՝ Հայ իրավաբանական միությունն ընդգծում է գիտական գործունեությունը քաղաքական միջամտությունից պաշտպանելու և փաստագրված պատմական իրողություններն առանց քաղաքական հարկադրանքի կամ պատժի վախի ազատորեն ներկայացնելու հնարավորությունն ապահովելու կարևորությունը։ Մրցանակը գնահատում է ոչ միայն նրա ակնառու գիտական նվաճումները, այլև պատմական ճշմարտությունը պահպանելու և բարձրաձայնելու նրա վճռականությունը, նույնիսկ երբ դա մասնագիտական լուրջ հետևանքներ է առաջացնում։
Կիսամյակային հանդիպման ճաշկերույթի ժամանակ ներկայացնելով դոկտոր Գզոյանին՝ պաշտոնաթող դատավոր Զավեն Վ. Սինանյանն ընդգծել է մրցանակում ամփոփված բարոյական պատասխանատվությունը և Էդիտա Գզոյանի գործունեության կապը Հրանտ Դինքի ժառանգության հետ։
«Հրանտ Դինքի անվան ազատության մրցանակը խոր պատասխանատվություն է ենթադրում,— ասաց Զավեն Սինանյանը։ — Այն կրում է մի մարդու անուն, որը գիտակցում էր. լրագրությունը պարզապես իրադարձությունների լուսաբանում չէ, այլ՝ բարոյական նվիրվածություն ճշմարտությանը, մարդկային արժանապատվությանը, հաշտեցմանն ու արդարությանը»։
Դատավոր Սինանյանը նշել է, որ Էդիտա Գզոյանի գիտական գործունեությունն արտացոլում է այն գիտակցումը, որ պատմական հիշողության պահպանումը միաժամանակ և՛ մտավոր աշխատանք է, և՛ բարոյական պարտավորություն։ Նա ընդգծել է, որ ակադեմիական ազատությունն առավել մեծ նշանակություն է ստանում այն ժամանակ, երբ փորձության է ենթարկվում. պատմական անաչառությունն առաջնային է, երբ ճշմարտությունն անհարմար է, իսկ խիզախությունն առավել կարևոր է, երբ վտանգված է որևէ էական բան։
«Դոկտոր Գզոյանը մեզ հիշեցրեց, որ գիտնականի պարտականությունը միայն այն պատմությունը պահպանելը չէ, որը հաճելի է լսել,— ասաց դատավոր Սինանյանը։ — Նրա պարտականությունն է հետևել փաստերին, պահպանել պատմական վկայությունները և ձայն տալ նրանց, ում փորձառությունները հակառակ դեպքում կարող են մոռացության մատնվել»։
Մրցանակով գնահատվել են դոկտոր Գզոյանի բացառիկ խիզախությունն ու համոզվածությունը հիմնարար մարդու իրավունքների և համամարդկային արժանապատվության պաշտպանության գործում, նրա նվիրվածությունը պատմական ճշգրտությանը, ակադեմիական բարեվարքությանը, վերափոխող ճշմարտությանը և հարատև արդարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին հավաստի պատմական վկայությունները պահպանելու և պաշտպանելու նրա վճռականությունը։ Մրցանակով նաև գնահատվում են կրթությանը, փաստագրմանն ու գիտական գործունեությանը նրա նվիրվածությունը, ինչպես նաև հանրային և ազգային հաստատությունների անկախությունը պաշտպանելու նրա ջանքերը։
Հրանտ Դինքի անվան ազատության մրցանակն ունի պատմական ճշմարտության, խոսքի ազատության և արդարության առաջմղման գործում բացառիկ ներդրում ունեցած անձանց գնահատելու հարուստ պատմություն։ Նախկին մրցանակակիրների և մեծարվածների թվում են ցեղասպանագետներ Վահագն Դադրյանը և Թաներ Աքչամը՝ 2007 թվականին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը՝ 2008 թվականին, Հայ իրավաբանական միության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար և նախկին պատգամավոր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ 2009 թվականին, Hetq.am-ի գլխավոր խմբագիր, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը՝ 2012 թվականին, և անվանի պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը՝ 2015 թվականին։
Հայ իրավաբանական միություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: