Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը

Վարագավանքի ներկայիս վիճակը վերստին օրակարգ է եկել սոցիալական ցանցերում տարածված գրառումների և լուսանկարների պատճառով։ Տարիներ շարունակ անտերության մատնված այս պատմական կոթողը, ըստ թուրքական պաշտոնական փաստաթղթերի, պատկանում է թուրք հայտնի հրապարակախոս Ֆաթիհ Ալթայլըի ընտանիքին։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Ֆաթիհ Ալթայլըն նախկինում հայտարարել էր, թե այն տարածքը, որտեղ գտնվում է վանքը, անմիջապես իրեն չի պատկանում, և որ այդ գույքը գրանցված է իր պապի՝ Հյուսամեթթին Ալթայլըի անվամբ, իսկ ինքը վերջինիս՝ բազմաթիվ ժառանգորդներից միայն մեկն է։

Այդ ժամանակ Ալթայլըն նաև հրապարակավ դիմել էր Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ նշելով, թե իրենք բաց են այդ տարածքը պետությանը փոխանցելու հարցում։

Նա մասնավորապես ասել էր․ «Այն հողատարածքը, որում գտնվում է եկեղեցին կամ վանական համալիրը, չի պատկանում անձամբ ինձ․ այն ներկայում պապիս անվամբ գրանցված գույք է։ Եթե Մշակույթի նախարարությունը մտադիր է որևէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա թող հայտնի, ես էլ ընտանիքիս մյուս անդամների հետ քննարկեմ այդ հարցը։ Թող անվճար վերցնեն, օգտագործեն կամ էլ պետականացնեն․ մենք եկեղեցու սիրահար չենք։ Միայն թե պատմական ժառանգությունը պահպանվի»։  

Այդ շրջանի հայ ճարտարապետական կոթողների նշանավոր նմուշներից մեկը համարվող Վարագավանքը տարիների ընթացքում լուրջ ավերումների է ենթարկվել։ 2011 թ․ տեղի ունեցած Վանի երկրաշարժից մեծ վնաս կրած պատմական վանական համալիրը հետագա տարիներին շարունակել է քայքայվել՝ պահպանության համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու պատճառով։

Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները նաև բուռն քննարկումների տեղիք են տվել պատմական կոթողը պահպանելու անհրաժեշտության մասին։

https://www.memurlar.net/haber/1180823/fatih-altayli-nin-ailesiyle-anilan-varagavank-manastiri-goruntulendi.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net

Leave a comment