ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեսսենյան խաղաղության մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 25,000 եվրո մրցանակի, որը գործող ընթացակարգերի համաձայն պետք է փոխանցի պետությանը։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հայաստանի հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերները պետք է հանձնվեն պետությանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ստացել էր «Զայեդ» մարդկային եղբայրության համար նախատեսված 500,000 դոլար մրցանակը։ Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմն այն ավանդ է դրել։ Կառավարությունից հայտնել են, որ Հեսսենյան մրցանակով նախատեսված 25,000 եվրոն ևս համանման ձևով ավանդ է դրվելու։
«Ակնկալվում է, որ համապատասխան որոշման նախագիծը հավանության կարժանանա կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում», – հայտնել են կառավարությունից։