ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնահերթություններից է մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման ապահովումը։
«Մեր առաջիկա անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումն ու ստորագրումը»,-հայտարարել է նա ընդգծել, որ սա չի նշանակում որևէ այլ օրակարգից հրաժարում, հայտնում է Radar.am-ը:
«Ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել։ Իսկ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031թ․ հասնել այդ խնդրի լուծմանը»,-շեշտել է նա։
Վարչապետի խոսքով՝ այս խնդրի լուծումն իրենց քաղաքական թիմի անելիքն է:
«Սակայն իմ անձնական օրակարգի առումով կարևոր եմ համարում, որ լուծենք։ Իհարկե, այնպես չէ, որ այս ընկալումը նոր է ձևակերպվել»,-հավելել է նա և ընդգծել, որ տեսնում է՝ այդ հնարավորությունը կա, հակառակ դեպքում չէր բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով։
Վարչապետը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացմամբ հայ ժողովրդի պատմության մեջ շատ էական շրջափուլ կամփոփվի և, նաև, կբացվի։
Հոկտեմբերի 14-ին Փաշինյանն ասել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակմամբ, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա, Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։