Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է

Իրանի զինված ուժերի հզորությունն ու երկրի ներուժը զգալիորեն ավելացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մենք պետք է բավականաչափ ուժեղ լինենք, որպեսզի ԱՄՆ-ը, ամբողջ աշխարհը և տարածաշրջանը հասկանան՝ իրենց չի հաջողվի հասնել իրենց նպատակներին», – ասել է նա Միացյալ Նահանգների հետ շարունակվող հակամարտությանը նվիրված ուղերձում։ Նրա ելույթը հեռարձակել է ազգային հեռուստատեսությունը։

«Ագրեսիվ պատերազմի ընթացքում Իրանի կրակային հզորությունը, հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորությունները և հարձակողական ներուժը զգալիորեն աճել են։ Մենք պետք է ամբողջ ուժով կռվենք, երբ իրավիճակը դա պահանջի», – ընդգծել է խոսնակը։

Նա նշել է, որ պատերազմից, բանակցություններից և զսպումից բաղկացած ցիկլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը այնքան ուժեղ չի դառնա, որ հակառակորդները նույնիսկ չմտածեն հարձակման մասին։

«ԱՄՆ-ը պետք է փոխի իր վարքագիծը և ընդունի իրանցի ժողովրդի օրինական պահանջները։ Ամեն անգամ, երբ ռազմի դաշտում ռազմական հաղթանակ ենք տանում, մենք պետք է այն ամրագրենք քաղաքական ոլորտում», – ավելացրել է Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի, նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելիս, և գլխավոր խնդիրը ամերիկյան կրկնակի հարձակումը թույլ չտալն է։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Վաշինգտոնի հետ համաձայնագրի ստորագրումը որևէ երաշխիք չի տալիս։

«Նրանք խախտում են իրենց խոստումները, – դժգոհել է Ղալիբաֆը։ – Ստեղծված իրավիճակում Իրանը պետք է պատրաստ լինի հակահարված տալ ագրեսոր թշնամուն, և մենք պետք է ռազմի դաշտում իսկական արիություն ցուցաբերենք։ Միայն այդպես մենք կկարողանանք ապահովել կայուն զսպում»։

NEWS.am

Leave a comment