Երևանի Աղի լճի շրջակայքում նախատեսվում է իրականացնել բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ ստեղծելով հանգստի և ժամանցի առավել հարմարավետ պայմաններ։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի:
«Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։
Ծրագրով կբարեկարգենք լճամերձ արահետները, կանցկացնենք լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,- նշել է քաղաքապետը։
Աղի լիճն արհեստական ծագմամբ ջրավազան է, որը գտնվում է Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում («Գաջի գործարան»-ի հետնամասում)։ Ջուրը հարուստ է սուլֆիդային ու կալցիումական աղերով, ծծմբաջրածնով և կերակրի աղով։
Տեղանքը հայտնի է իր կանխարգելիչ և մեղմող ազդեցությամբ հոդացավերի, նյարդային համակարգի լարվածության, մաշկային խնդիրների դեպքում, ինչպես նաև օգտագործվում է ցեխաբուժության նպատակով։