Երևանում COP17 համաժողովին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում Գևորգ Սաֆարյանը կոշտ քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին՝ մեղադրելով միջազգային հարթակներում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության և ռազմագերիների հարցերը չբարձրացնելու, ինչպես նաև Ամուլսարի հանքի շահագործման համար։
Սաֆարյանն ընդգծեց, որ միջազգային խոշոր համաժողովներ հյուրընկալելիս պետությունները պետք է օգտվեն առիթից և լուծեն իրենց առջև ծառացած կարևորագույն խնդիրները, մինչդեռ Հայաստանում այդ հարցերը բարձրացնում է քաղաքացիական հասարակությունը։
«Այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են խոսում այն մասին, որ Արցախում Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ցեղասպանություն, և էթնիկ զտումը դրա ձևերից մեկն է։ Քաղաքացիական հասարակությունն է ներկայացնում, որ Ադրբեջանը ապօրինաբար պահում է մեր ռազմագերիներին և պատանդառված քաղաքացիական անձանց»,- հայտարարել է Սաֆարյանը։
Ակտիվիստի խոսքով՝ իշխանությունները, պետական բյուջեից աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալով, ոչ միայն չեն բարձրացնում այս հարցերը, այլև «կոծկում են թշնամու կատարած հանցագործությունները»։ Նա նաև քննադատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Ալիևն արժանի է խաղաղության մրցանակի։
Սաֆարյանն անդրադարձավ նաև բնապահպանական խնդիրներին՝ ընդգծելով, որ բնության պահպանության COP17 համաշխարհային համաժողովի մեկնարկից օրեր առաջ իշխանությունները բացում են Ամուլսարի հանքը։
«Ամուլսարի հանքի գործունեության հետևանքով Հայաստանը կարող է վերածվել տոքսիկ անապատի։ Հանքը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում, և գեներացված թույնը լցվելու է Սևանա լիճ, որը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի աղբյուրն է»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ իրենք միջազգային հանրությանն արտահայտում են իրենց անհամերաշխությունը տվյալ որոշման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան