Կանադայում ՀՀ դեսպանությանը կից կունենանք ռազմական կցորդ

Բաժանորդագրվել

ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Կանադայում ՀՀ դեսպանությանը կից կունենանք ռազմական կցորդ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

«Հայաստանը շահագրգիռ է ավելի ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Կանադայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և Կանադայում ՀՀ ռազմական կցորդի հավատարմագրումը ևս մեկ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համատեքստում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նշվում է նաև, որ ՀՀ ռազմական կցորդը կխթանի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

«Կանադայում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ` տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը և այլն»,– նշված է որոշման մեջ:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Leave a comment