Պետգույքի կառավարման կոմիտեն՝ Ան․ Միկոյան փողոց 2/21 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ

Պետգույքի կառավարման կոմիտեն՝ Ան․ Միկոյան փողոց 2/21 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ

Պարզաբանում՝ ք․ Երևան, Ան․ Միկոյան փողոց 2/21 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ՝

Սոցիալական մեդիայում շրջանառվող որոշ մեկնաբանությունների առնչությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն հարկ է համարում անդրադառնալ Ան․ Միկոյան փողոց 2/21 հասցեի անշարժ գույքի էլեկտրոնային աճուրդի շուրջ ստեղծված իրավիճակին․

 

Նախապատմությունը

 

Նշված գույքը 10.02.2025թ.-ին վարձակալության էր տրամադրվել «Տեխզննում 3» ՍՊԸ-ին (վարձակալ՝ Կ. Ե., 50% բաժնետեր՝ Ա. Ե., 50% բաժնետեր՝ Ն. Մ.)։ Վարձակալական պարտավորությունները չկատարելու հիմքով պայմանագիրը սահմանված կարգով դադարեցվել էր, իսկ չվճարված 22,597,439 ՀՀ դրամ (բանկային տոկոսները ներառված չեն) վարձավճարի բռնագանձման պահանջով Կոմիտեն դիմել է դատարան։

Բացի այդ, նշված տարածքում ինքնակամ շինություններ կառուցելու և պետական գույքը վնասելու կամ ոչնչացնելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված է քրեական վարույթ։

 

Աճուրդի կազմակերպումը և ի հայտ եկած փաստացի խոչընդոտը

 

Տարածքի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 05.10.2026թ.-ին և սահմանված կարգով տևել մինչև 08.10.2026թ.-ը, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ն։

Սակայն, մինչ աճուրդի արդյունքների արձանագրության ստորագրումը, Կոմիտեն տեղեկություններ է ստացել, որ տարածքն, առանց իրավական հիմքերի, փաստացի զբաղեցված է։

Կոմիտեի աշխատակիցների կողմից տեղատեսություն իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, որը ստորագրել է տարածքն առերևույթ ապօրինի զբաղեցնող անձանցից Օ. Մ.-ն (վերջինիս ազգականը «Տեխզննում 3» ՍՊԸ-ի 50% բաժնետեր Ն. Մ.-ն է)։

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

15.10.2026թ.

Ուսումնասիրությունն ի հայտ է բերել ևս մեկ փոխկապակցվածություն․ աճուրդում հաղթած «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը նախկին վարձակալ Կ.Ե.-ի կինն է և «Տեխզննում 3» ՍՊԸ-ի բաժնետերից Ա. Ե.-ի մայրը։

 

Կոմիտեի դիրքորոշումը

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և պետական շահերի պաշտպանությամբ։

Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը Կոմիտեի կողմից չի ստորագրվել, որի մասին «ՏԻԳԱՐ 10» ՍՊԸ-ն ծանուցվել է։

Գույքը կրկին վարձակալության տրամադրելու նպատակահարմարության հարցին Կոմիտեն կանդրադառնա միայն առկա խոչընդոտներն ի սպառ վերացնելուց և տարածքն ապօրինի տիրապետումից լիարժեք ազատելուց հետո։

Պետական տարածքը զավթելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ենթադրյալ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահ մարմիններին։

Leave a comment