Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ, երբ ՔՊ-ականները քաղաքային իշխանությանը խստորեն քննադատեցին Գյումրու տոնը Սամվել Կարապետյանի միջոցներով նշելու համար, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը պատասխանեց, որ դաշտն ազատ է, բոլոր բարեգործներն էլ կարող են գալ, ներդրումներ անել։
«Բարեգործությունը վատ բան չէ, եթե քաղաքական հետևանքներ չկան», -ասաց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը՝ մատնացույց անելով Գյումրու տոնը։
Ավետիս Առաքելյանը չհամաձայնեց նրա տված գնահատականի հետ։ «Նորից եմ ասում, քաղաքական ենթատեքստ չկա, անցած տարի էլ Գյումրու օրը եղավ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան ո՛չ աղաղակեց, ո՛չ էլ ասեց՝ վեց հազար հատ պլակատ դրեք և այլն, անընդհատ րոպեն մեկ բարձրաձայնեք, որ մենք ենք անողը։ Նորից եմ ասում՝ դոնորների և բարեգործների համար դաշտն ազատ է։
Ես մի բանի եմ էլ եմ ուզում անդրադառնալ, էսօրվա դրությամբ «Վառեմ-մարեմի» շենքը կփլվի, մարդիկ եկել են, մենք անցած տարվանից տվել ենք համաձայնություն, որ ստեղծվի շինհրապարակ, ստեղծել են, կռանը բերել, կանգնեցրել են, էսօր թույլ չեն տալիս, որ մի ճաղ վերանորոգի։ Մշակույթի նախարարությունից չեն թույլատրում, որ էդ մարդը կառուցի։
Մենք պետք է հասկանանք՝ մեր քաղաքին ինչ օգուտներ կան և ինչ մակարդակի են, չեմ ասում ինչ-որ անճաշակություն անեն բարեգործություն անվան տակ, բայց կոնկրետ պատմամշակութային շենք է, որը զրո դրամ շահույթ պիտի տա բարեգործին։ Ամբողջը պիտի կառուցի ու հանձնի քաղաքապետարանին։ Այդ մարդն ասում է՝ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան դարձրեք շենքը, ինձ քառակուսի պետք չէ այդտեղից։
Էդ դաշտը չպիտի դարձնել քաղաքական, էդ դաշտն ազատ պետք է լինի, ոչ միայն մենք մեկ րոպե շուտ, այլ դուք առաջինն ասեք ՝ ախպեր, տվեք, մեր քաղաքի համար է։ Հիմա ձեր խաղերը չգիտեմ ինչ ձևի կկազմակերպեք, ասեք՝ քաղաքի համար է, առաջնային խնդիր է, պետք է անել, տվեք, թող մարդը սարքի, էլի», ասաց Ավետիս Առաքելյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանն ասաց, որ իրենց տեղեկություններով, «Վառեմ-մարեմի» շենքը կառավարության ծրագրում է, կառավարությունն էլ կվերանորոգի։
«Ե՞րբ»-հեգնեց Ավետիս Առաքելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: