Զարուհի Փոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դու ի՞նչ գիտես, որ այդ զինծառայողը մոլորվել է, դու ի՞նչ գիտես՝ ինչպես է նա հասել Շաքի գյուղ»

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու եւ Շաքի գյուղում երեք անչափահաս երեխաների մոր հետ տեղի ունեցած միջադեպին Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններին ու գնահատականներին։

Նա այս իրադարձությունը համեմատել է Ազատ գյուղում մեր 15 զինծառայողների մոխրացման ժամանակ իշխանավորների ակտիվության հետ։ «Նման ակտիվություն Փաշինյան Նիկոլի կողմից ես տեսել եմ, երբ Ազատի դեպքից մի քանի ժամ անց ակտիվորեն հանրությանը ներկայացնում էր վարկած, կարծես, ինքը քննիչն է եւ իրավասու է նախաքննական գաղտնիքը ներկայացնել հանրությանը այն չափով, որն ինքը գտնում է, որ կարող է ասել։ Նույնը՝ այս դեպքով։ Փաշինյան Նիկոլն արդեն իսկ վարկած է փոխանցում հանրությանը, որ այս անձը, որը հատել է մեր երկրի սահմանը, ներխուժել է հայ կնոջ բնակարան, դիվերսանտ չէ եւ դիմել է վայրագ միջոցների, քանի որ տուժողները, ըստ իրեն, դրսեւորել են ոչ պատշաճ, բնազդային վարքագիծ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել այդ հանցագործությունը։
Փաշինյան Նիկոլի ներկայացմամբ՝ այս հանցագոործությունը սովորական հանցագործություն է, որ տեղի է ունենում մեր հասարակությունում տարբեր ժամանակներում, եւ նման հանցագործությունները շատ են մեր հասարակության մեջ։ Ու սա էլ սովորական հանցագործություն է»։

«Դու քննիչ չես։ Դու ի՞նչ գիտես՝ այդ մարդը մոլորվել է՞ր, թե չէր մոլորվել։ Դու ի՞նչ գիտես, նա սովորական զինծառայո՞ղ է, թե տարիներ շարունակ պայմանագրային զինծառայոող է եղել Ադրբեջանի զինված ուժերում։ Դու ի՞նչ գիտես՝ ինչպես է նա հասել Շաքի գյուղ»,-Փաշինյանին հեռակա դիմելով ասաց փաստաբանը։

Նաեւ ներկայացրեց իր դիտարկումները Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ. «Այսինքն, ակնհայտ է, որ նա որոշ տվյալներ ունի, բայց այդ որոշ տվյալներն իրեն ո՞վ է փոխանցել։ Եվ այդ որոշ տվյալների վերաբերյալ ինքն արդյո՞ք իրավասու է հայտարարություններով հանդես գալ։ Չէ՞ որ քննություն է ընթանում, եւ քննությունը գաղտնի է։ Թող մեզ բացատրեն, թե իրեն որտեղի՞ց այդ տվյալները։ Այդ քննիչը կամ քննչական խումբը, չգիտեմ, թե ովքեր են քործը քննում, իրեն փոխանցել են, որ դա մոլորյալ զինվո՞ր է եղել, որովհետեւ ինքը նրան արդեն տալիս է կարգավիճակ։ Իմ խորին համոզմամբ՝ դա մոլորյալ զինվոր չէ, այլ ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայոող է։ Ու այնտեղ հայտնվել է հատուկ դիվերսիայի հետեւանքով։ Ես էլ այդ կարծիքն ունեմ, եթե որեւէ պաշտոնյա, որը քննիչը չէ, ասում է, որ նա մոլորյալ զինծառայող է։

Եթե նա այն տեղից, որտեղից հատել է սահմանը եւ հասել Շաքի գյուղ, դա բավականին երկար ճանապարհ է։ Նա պետք է անցներ տարբեր բնակավայրերով, հատեր միջպետական մայրուղին։ Ես պատկերացնում եմ, թե որտեղ է Շաքին, որտեղ է սահմանը։ Հետեւաբար, ես ունեմ պատկերացում, որ եղել է գործողություն»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment