Սեդրակ Քոչարյանը, չեմ վախենա այդ բառից, ոչ թե՝ որ իմ ղեկավարի որդին է, այլ իրականությունն է դա, Սեդրակ Քոչարյանը հայ քաղաքական բարձրաստիճան էլիտայի որդիներից երևի ամենապարկեշտը ու ամենադաստիարակվածն է: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Սեդրակ Քոչարյանի մասով շատ քիչ է խոսվում, նաև իր խնդրանքն է։ Բայց բոլորս Հայաստանում ենք ապրել, չէ՞, ուրիշ տեղից չենք եկել սրանց պես, այլմոլորակային չենք։ Սեդրակ Քոչարյանը, չեմ վախենա այդ բառից, ոչ թե՝ որ իմ ղեկավարի որդին է, այլ իրականությունն է դա, Սեդրակ Քոչարյանը հայ քաղաքական բարձրաստիճան էլիտայի որդիներից երևի ամենապարկեշտը ու ամենադաստիարակվածն է, ու Սեդրակ Քոչարյանին պատանդ առնել նախագահ Քոչարյանի վրա ճնշում գործադրելու համար, աշխարհի ամենաստոր ու ամեն անհեռանկարային զբաղմունքն է»,– ասել է նա:
Այնուհետև Բագրատ Միկոյանը ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում էր Ադրբեջանի պատվիրակության հարցին։ Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը հարցնում է, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անձամբ մասնակցել է ռազմական գործողություններին։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․ «Իմ երեխաները մանկություն չեն ունեցել։ Ես երեք երեխա ունեմ, ավագն այն ժամանակ յոթ տարեկան էր։ Իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նրանք ապրել են նկուղներում՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ։ Իմ ամբողջ ընտանիքը։ Այո՛, ես հպարտ եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտ եմ այն արդյունքով, որն այսօր ունենք»։
«Այդ ավագ որդին Սեդրակն էր Քոչարյան, յոթ տարեկան, պադվալներում, ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ։ Այսօր Սեդրակ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի սիրելի ԱԱԾ պադվալում է, հայ իրավապահների ապօրինությունների ռմբակոծությունների տակ»,- ասաց Բագրատ Միկոյանը և ամփոփեց․ «Բայց ոնց նախագահը վերջում ասաց՝ «Ես հպարտ եմ, որ հաղթեցի»։ Վատ նորություն ունեմ՝ երբ Քոչարյանները հայտնում են ինչ-որ պադվալում, դա ավարտվում ա հաղթանակով»։